Վարորդներին հորդորում են մեքենայով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում. Երևանում մեկ օրում ամսվա նորմայի 150%-ի չափով անձրև է սպասվում

16.10.2024, 14:46
Երևանի քաղաքապետարանից վարորդներին հորդորում են մեքենայով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում
Վարորդներին հորդորում են մեքենայով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում. Երևանում մեկ օրում ամսվա նորմայի 150%-ի չափով անձրև է սպասվում

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Համաձայն ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տարածած հաղորդագրության՝ հոկտեմբերի 16-ի ուշ երեկոյան և 17-ին, 17-ի լույս 18-ի գիշերը սպասվում են հորդառատ անձրևներ։ Մասնավորապես Երևանում՝ հոկտեմբեր ամսվա նորմայի 100-150 տոկոսի չափով։ 

Ինչպես հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը Facebook-յան իր էջում, ինչպես «Վեոլիա ջուր» ընկերության, այնպես էլ Երևանի քաղաքապետարանի կողմից՝ որպես գործընկեր կառույց, մեկնարկել են սպասվող տեղումների հետևանքները մեղմելու կանխարգելիչ միջոցառումներ, որոնց ներգրավված է լինելու նաև Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչությունը։ 

Վարչական շրջաններում այսօր երեկոյից սահմանվելու են հերթապահություններ՝ տեղերում հնարավոր ջրականգերին արագ միջամտելու և լոկալ բնույթի խնդիրները վերացնելու նպատակով։ 

Հեղեղատարներում և անձրևընդունիչներում հնարավոր կուտակումներից զերծ մնալու համար, որպես աջակցություն, գործընթացում ներգրավվելու են նաև «Երևանի աղբահանության և սանմաքրման համայնքային հիմնարկի» մարդկային ռեսուրսները։ 

Աշխատանքներին նաև մասնակցելու են «Կանաչապատում և շրջակա միջայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ուժերը։

«Վարորդներին հորդորում ենք տեղումների ժամանակահատվածում անձնական օգտագործման մեքենաներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում», – նշել է Կոստանյանը։