Վաղը ամառային արևադարձի օրն է

20.06.2023, 12:45
Երևանի ժամանակով ժամը 18:57-ին Արեգակն իր թվացյալ երկնային շարժման ընթացքում կանցնի երկնային հասարակածի նկատմամբ իր ամենաբարձր կետով, ինչն էլ կլինի աստղագիտական ամռան սկիզբը Հյուսիսային կիսագնդում
Վաղը ամառային արևադարձի օրն է
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Վաղը՝ հունիսի 21-ին, ամառային արևադարձի օրն է, երբ դիտվում են տարվա ամենաերկար ցերեկն ու ամենակարճ գիշերը։

Ինչպես հայտնում է Բյուրականի աստղագիտարանը, Երևանի ժամանակով ժամը 18:57-ին Արեգակն իր թվացյալ երկնային շարժման ընթացքում կանցնի երկնային հասարակածի նկատմամբ իր ամենաբարձր կետով, ինչն էլ կլինի աստղագիտական ամռան սկիզբը Հյուսիսային կիսագնդում:

Համապատասխանաբար, հարավային կիսագնդում սկսվում է աստղագիտական ձմեռը։

Երկրի պտտման առանցքը թեքված է Երկրի` Արեգակի շուրջ պտտման ուղեծրի հարթության նկատմամբ (23°26')։ Դա պայմանավորում է տարվա եղանակների փոփոխությունը:

Տարբերում ենք երկու տեսակի արևադարձեր՝ ամառային և ձմեռային: Երկրի Հյուսիսային կիսագնդում ամառային արևադարձը տեղի է ունենում հունիսի 21-ին, իսկ ձմեռային արևադարձը՝ դեկտեմբերի 21-ին:

Հարավային կիսագնդի ձմեռային արևադարձը համընկնում է Հյուսիսային կիսագնդի ամառային արևադարձին, իսկ ամառայինը՝ Հյուսիսային կիսագնդի ձմեռային արևադարձին:–0–