Թուրքիան ձգտում է ոչնչացնել Հայաստանը, նրա ազդեցությունը տարածաշրջանում վերջին 1,5 տարում կուժեղանա.Սաֆրաստյան

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Առաջիկա 1–1,5 տարում Թուրքիան կփորձի ուժեղացնել սեփական ազդեցությունը տարածաշրջանում, երկուշաբթի ասաց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գիտական ղեկավար, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը Երևանում անցկացվող Լազարևյան ակումբի նիստի ընթացքում կազմակերպված քննարկումների ժամանակ։
Թուրքագետի խոսքով, Անկարան դեռևս մի քանի տարի առաջ անցել է գործողությունների հարևան տարածաշրջաններում` գերիշխող դիրքի հասնելու նպատակով, իսկ Թուրքիայի դոկտրինի հիմնական դիրքորոշումը Զինված ուժերի կիրառումն է, ինչն ակնհայտ է նաև մեր տարածաշրջանում։
Նա նշեց, որ արդյունքում 2016թ.–ից սկսվեց այդ առանցքի ռազմական բաղկացուցչի ուժեղացումը, այդ թվում` Ադրբեջանի հետ, իսկ 2020թ.–ից նոր փուլ էր Թուրքիայի քաղաքականության մեջ Անդրկովկասում, երբ սկսվեցին սպառազինության լայնամասշտաբ մատակարարումներ Արցախյան պատերազմին պատրաստվելու համար։
«Պատերազմից հետո Թուրքիան շարունակում է իր քաղաքականությունը Հարավային Կովկասի նկատմամբ ուժեղացնելու համար այն փոքր պլացդարմը, որը նրանց հաջողվեց ստանալ Արցախի պատերազմի արդյունքում` Ռուսաստանի հետ համատեղ մոնիտորինգային կենտրոն ստեղծելու հնարավորությունը։ Չնայած նրանք ունեին ավելի մեծ ախորժակ և փորձում էին հասնել խաղաղապահ զորակազմի տեղակայման, որպեսզի թուրք սպաները հնարավորություն ստանան մտնել Արցախյան հող, բայց Ռուսաստանն արգելափակեց այդ բոլոր համառ փորձերը», – ասաց Սաֆրաստյանը։
Թուրքագետի կարծիքով, Թուրքիան շարունակում է ագրեսիվ քաղաքականությունը տարածաշրջանում` առաջ մղելով պանթուրքական ծրագրերը, որոնք կապված են Մեղրիի միջանցքի հետ և ամեն կերպ նպաստելով նրան, որպեսզի Սյունիքն աստիճանաբար, գոնե մասամբ, անցնի Ադրբեջանի վերահսկողության տակ։
Նրա խոսքով, Թուրքիայի քաղաքականության համար բավականին կարևոր եզրագիծ կլինի 2023 թ.–ը, երբ նշվելու է Թուրքիայի հանրապետության 100–ամյակը, և Էրդողանը նախատեսում է այդ ընթացքում հայտարարել Նոր Թուրքիայի ստեղծման մասին, դրա վրա Թուրքիայում աշխատում են լուրջ ուժեր և ուղեղային կենտրոններ։
«Ես կարծում եմ, որ առաջիկա 1–1,5 տարում Թուրքիան կփորձի հասնել նոր բարձունքների տարածաշրջանում և իր ազդեցության ուժեղացման։ Նրանց ծրագրերով, Հայաստանը պետք է դադարի գոյություն ունենալ, այդ պատճառով կարծում եմ, որ առաջիկա տարիներին մենք ականատեսն ենք լինելու տարածաշրջանում Թուրքիայի ագրեսիվ քաղաքականության հետագա դրսևորման», – ասաց Սաֆրաստյանը։
Խոսելով այն մասին, որ թե դրան ինչ կարող է հակադրել Հայաստանը` թուրքագետն առանձնացրեց երկու կատեգորիկ պահանջ։
«Առաջինը հայկական պետության սուբյեկտայնության վերականգնումն է, բանակի և պետության կառավարման վերականգնումը և երկրորդը` Ռուսաստանի հետ մեր ռազմաքաղաքական համագործակցության ամրապնդումն ու խորացումը։ Կարծում եմ, որ պետք է մեզ մոտ աստիճանաբար ստեղծել «խելացի պետության» մոդել, միայն այս դեպքում Հայաստանը կկարողանա հակազդել Թուրքիայի ծրագրերին մեր տարածաշրջանում, Ռուսաստանի հետ համատեղ», – ասաց Սաֆրաստյանը։–0–