Թորոսյանը հիմնավորեց ծննդատների փակման նպատակահարմարությունը

14.01.2020, 20:49
Նախարարը հիմնավորեց ծննդատների փակման նպատակահարմարությունը
Թորոսյանը հիմնավորեց ծննդատների փակման նպատակահարմարությունը

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Վերջին շրջանում ակտիվորեն քննարկվում է հանրապետությունում մի շարք ծննդատների փակման հետ կապված իրավիճակը։

Օրերս Մարալիկ համայնքի և մոտակա գյուղերի բնակիչները, ինչպես նաև ծննդատան աշխատակիցներն արգելափակել էին Գյումրի–Երևան միջպետական մայրուղու հատվածը` բողոքելով ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի որոշման դեմ, ըստ որի` 2020թ.–ի հունվարի 1–ից դադարեցվում էր «Մարալիկի բժշկական ամբուլատորիա» ՊՈԱԿ–ի ծննդօգնության ծառայությունների ֆինանսավորումը։ Եղվարդի բնակիչները ևս բողոքում էին ծննդատան փակման դեմ։

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը երեքշաբթի ասուլիսի ժամանակ հիմնավորեց մի շարք ծննդատների փակման գործընթացի նպատակահարմարությունը։

Նա նշեց, որ Գառնիի, Ջերմուկի և Արագածի ծննդօգնության բաժանմունքները գրեթե չեն տրամադրել ծառայություններ և մեկ տարվա ընթացքում կարող էին ընդունել 1–2 ծննդկան։ Թորոսյանը նաև նշեց, որ վերջին օրերին ակտիվորեն քննարկվում է Աչաջուրի, Արդենիի, Արծվաբերդի, Ծաղկահովիտի և Քաջարանի ծննդաների շուրջ ստեղծված իրավիճակը։

Չեն համապատասխան պահանջներին

Նախարարը հիշեցրեց, որ 2018թ.–ի վերջին ավարտվեց աշխատանքը, որի արդյունքում մանկաբարձական ծառայություններ տրամադրող բոլոր կազմակերպությունները որակավորվեցին ըստ մակարդակների և ստացան այսպես կոչված անձնագրեր։

Նրա խոսքով, որոշումն ընդունվեց` հաշվի առնելով ծննդատների համապատասխանությունը մի շարք չափորոշիչներին, այդ թվում` տարվա ընթացքում գրանցված ծնունդների, հիվանդանոցային մահճակալների թիվը և սանիտարահիգիենիկ պայմանները։ Ելնելով ստացված մակարդակից` որոշվեց ծառայությունների ցանկը, որոնք կարող են տրամադրվել հաստատությունների կողմից։ Թորոսյանը նշեց, որ գնահատական ստանալուց հետո որոշ կազմակերպություններ շտկեցին թերությունները և կարողացան ստանալ ավելի բարձր մակարդակ։ 

«Սա շատ թափանցիկ, վաղուց սկսված և տրամաբանական գործընթաց է, որը կշարունակվի», – ասաց նա։

Առաջին մակարդակի ծննդատները տարեկան պետք է գրանցեն առնվազն 150 ծնունդ` բժշկական սպասարկման անհրաժեշտ որակի և տնտեսական արդյունավետության ապահովման համար։

Ինչպես ավելի վաղ հայտնել էին Առողջապահության նախարարությունից, Մարալիկի բուժկենտրոնում վերջին տարիներին ծնունդների թիվը կազմել է տարեկան 100 ծնունդ (2019թ.–ին`106 ծնունդ)։

Մանկական և մայրական մահացության նվազեցում

Նախարարը նշեց, որ այս գործընթացը կարևոր է մանկական և մայրական մահացությունը նվազեցնելու համար։

«Այս զարգացումների ֆոնին ուզում եմ հարցնել` ուզու՞մ ենք մենք լրջորեն զբաղվել մանկական, հատկապես նորածնային և մայրական մահացության խնդրով, թե՞ ոչ։ Եթե ցանկանում ենք, եթե այս սկզբունքն ընդունելի է մեզ համար, ապա մեր քաղաքականությունը միանշանակ ճիշտ է», – հայտարարեց Թորոսյանը։ 

Հակառակ դեպքում, նրա խոսքով, «մենք երկրում ունենք լուրջ խնդիրներ, եթե մանկական և մայրական մահացության նվազումն առաջնահերթ նպատակ չէ մեզ համար»։

Կապը մոտակա ծննդատների հետ 

Թորոսյանը հերթով թվարկեց, թե մինչև մոտակա ծննդատուն որքան ժամանակում կարելի է հասնել այն վայրերից, որտեղ փակվում են ծննդատները։ Պարզվեց, որ ճանապարհի համար պահանջվում է 20–40 րոպե։

Նախարարը հայտարարեց, որ համաձայն է, որ բոլոր համայնքներում պետք է հասանելի լինեն տրանսպորտային ծառայություններն ու շտապօգնության ծառայությունը։

Նա նշեց, որ նախարարությունը պատրաստ է անհրաժեշտության դեպքում ակտիվացնել շտապօգնության ծառայության աշխատանքն ինչպես ֆինանսական աջակցության շնորհիվ, այնպես էլ պահուստում գտնվող մեքենաների տրամադրման միջոցով։ 

Թորոսյանը նաև անդրադարձավ կոնսուլտացիաների թեմային` նշելով, որ առաջնային բժշկական օգնության բոլոր կենտրոններում, այսինքն այնտեղ, որտեղ կան պոլիկլինիկական ծառայություններ, կան նաև կանանց կոնսուլտացիայի ծառայություններ, այդ պատճառով ծննդատուն այցելելու անհրաժեշտություն չկա։

Նախարարությունից ավելի վաղ հայտնել էին, որ Մարալիկի ծննդատանն ընդունում են 5–6 համայնքների ծննդկաններին։ Միաժամանակ գործում է լավ տրանսպորտային հաղորդակցություն Մարալիկի և Գյումրու ու Արթիկի միջև, և անհրաժեշտության դեպքում կանայք կարող են անարգել հասնել այնտեղ։ 

Փակվում են մանկաբարձական բաժանմունքները, ոչ թե բուժկենտրոնները

Թորոսյանը հայտարարեց, որ այս գործընթացի շրջանակում ոչ մի բուժկենտրոն չի փակվելու, չեն տրամադրվելու միայն որոշակի ծառայություններ։ 

Ինչ վերաբերում է փակվող ծննդատների բժիշկների աշխատանքի տեղավորման հարցին, ապա Թորոսյանը նշեց, որ աշխատակիցները հաճախ կատարում են մի քանի աշխատանք, և այսօր փակվող ծննդատներում արդեն կան նման դեպքեր։ Ինչ վերաբերում է մանկաբարձներին, ապա նրանք, նախարարի խոսքով, կարող են կատարել բուժքույրերի աշխատանք։

«Մենք պատրաստ ենք և′ բուժհաստատությունների տնօրենների, և′ տեղական իշխանությունների հետ քննարկել (աշխատանքի տեղավորման հարցերը, խմբգր.), սակայն հիշեցնեմ` ինչ–որ մեկին աշխատանքով ապահովելու հարցը չի կարող հակասել կյանք փրկելու սկզբունքին։ Դա աքսիոմ է», – հայտարարեց Թորոսյանը։–0–