Թբիլիսիում զինված տղամարդը պատանդներ է վերցրել միկրոֆինանսական կազմակերպության գրասենյակում

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Թբիլիսիում զինված տղամարդն այսօր երեկոյան ներխուժել է Ցերետելի պողոտայում գործող միկրոֆինանսական կազմակերպության գրասենյակ, հաղորդում է ՏԱՍՍ–ը։
Վրաստանի ՆԳՆ–ի տվյալներով, նա պատանդ է վերցրել ինը մարդու։
Շենքը շղթայված է, դեպքի վայրում են նաև հատուկ նշանակության ստորաբաժանման աշխատակիցները։ ՆԳՆ–ն կոչ է արել բոլոր հեռուստաալիքներին դադարեցնել ուղիղ հեռարձակումը դեպքի վայրից։
Դեպքի փաստով հարուցվել է քրեական գործ Վրաստանի ՔՕ «Ավազակություն» և «Հրազենի ապօրինի ձեռք բերում, պահում, կրում» հոդվածների հատկանիշներով։
Rustavi 2 վրացական հեռուստաալիքը հրապարակել է տղամադու տեսաուղերձը, ով, հեռուստակայանի հաղորդմամբ, Թբիլիսիում միկրոֆինանսական կազմակերպության գրասենյակ ներխուժած մարդն է։ Տղամարդը պահանջում է, որպեսզի խորհրդարանն արգելք սահմանի մոլեխաղերի նկատմամբ, նվազեցնի բանկային վարկերի տոկոսադրույքը` մինչև տարեկան 7%, ինչպես նաև բարձրացնի կենսաթոշակը։
Հեռուստաալիքը նշում է, որ հանցագործը գտնվում է ալկոհոլի ազդեցության տակ, ձեռքում պահում է անհասկանալի առարկա, որը նման է ձեռքի նռնակի։ Հեռուստաալիքի տվյալներով, հանցագործի անունը Լևան Զուրաբիշվիլի է։–0–