ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Booking.com-ը Երևանն ընդգրկել է 2020 թվականի աշխարհի ամենաակտիվ տուրիստական ուղղությունների թոփ 10-յակում:
Այս մասին Facebook–յան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Սա նշանակում է, որ 2020-ին մեր զբոսաշրջության երկնիշ աճը շարունակվելու է, ինչը մեծ հնարավորություններ է բացում փոքր, միջին, նաև խոշոր բիզնեսի համար: Եվ իմ խնդրանքը՝ ուղղված տաքսու վարորդներից մինչև պատահական անցորդներին, լավ վերաբերմունք ցուցաբերել զբոսաշրջիկներին, շարունակում է մնալ ուժի մեջ», – նշել է ՀՀ վարչապետը` ավելացնելով, որ Երևան եկող զբոսաշրջիկները իրենց այցելության ընթացքում պարտադիր այցելում են մարզեր:
«Այնպես որ, վերը նշված հնարավորությունները վերաբերվում են նաև մարզերին, գյուղերին: Այսօր այնպիսի գյուղերից ենք զբոսաշրջիկների այցերի մասին տեղեկություններ ստանում, որոնք չունեն ոչ մի զբոսաշրջային ենթակառուցվածք: Զբոսաշրջիկները հաճախ մեքենա են վարձում գյուղացիներից, սնունդ գնում՝ ուղղակի անտառներում կամ դաշտերում զբոսնելու համար», – հավելել է Փաշինյանը:–0–