ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Այսօր Տավուշի մարզկենտրոն Իջևանում Stone Development ընկերության գլխավոր տնօրեն Ակիմ Պողոսյանը և Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր, որով ազդարարվեց «Այգեձոր» առողջության կենտրոնի հիմնանորոգման և նոր հարկաբաժնի կառուցման աշխատանքների մեկնարկը։
Ինչպես հաղորդում է Stone Development ընկերության մամուլի ծառայությունը, առողջության կենտրոնը կսպասարկի Տավուշի սահմանապահ 4 համայնքի բնակիչներին։ Կենտրոնը միաժամանակ կարող է սպասարկել ավելի քան 30 մարդու։
Առողջության կենտրոնի հիմնանորոգումը հնարավորություն կտա սահմանապահ համայնքներում բժշկական օգնության որակը բարձրացնել նոր մակարդակի, անհրաժեշտության դեպքում բնակիչներին տրամադրել անհապաղ բուժօգնություն։
Կենտրոնի հիմնանորոգումը, որը կատարվելու է ներդրումային միջոցներով, թույլ կտա նաև մարզում ստեղծել նոր աշխատատեղեր և զարգացնել համայնքային կյանքը։ «Այգեձոր» առողջության կենտրոնի շենքը համապատասխանելու է առողջապահական և ճարտարապետական ժամանակակից չափորոշիչներին։ Նախատեսվում է հիմնանորոգումն ու նոր հարկաբաժնի կառուցումն ավարտին հասցնել 2021 թ. երկրորդ եռամսյակում։
Stone Development ընկերությունը հիմնադրվել է 2020 թ. գարնանը Երևանում։ Ընկերությունը գործունեություն է ծավալում ճարտարապետության և քաղաքաշինության ոլորտներում։ Ընկերության բոլոր նախագծերն ունեն սոցիալական ուղղվածություն: Stone Development-ը ցանկանում է հայաստանյան բիզնես ոլորտի ներկայացուցիչների համար օրինակ ծառայել՝ իր գործունեությամբ ոչ միայն շրջակա միջավայրը չվնասելով, այլև պահպանելով այն ու ավելի լավը դարձնելով:–0–