Թաթոյանը ԵՄ բարձրագույն ղեկավարությանն է ուղարկել հայ գերիների մասին Ալիևի և Էրդողանի կնոջ խոսակցության տեսանյութ–ապացույցը

25.06.2021, 11:25
Թաթոյանը ԵՄ բարձրագույն ղեկավարությանն է ուղարկել հայ գերիների մասին Ալիևի և Էրդողանի կնոջ խոսակցության տեսանյութ–ապացույցը
Թաթոյանը ԵՄ բարձրագույն ղեկավարությանն է ուղարկել հայ գերիների մասին Ալիևի և Էրդողանի կնոջ խոսակցության տեսանյութ–ապացույցը

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նախօրեին Ադրբեջանի նախագահի և Թուրքիայի առաջին տիկնոջ միջև խոսակցության անհերքելի տեսանյութ-ապացույցն լրացուցիչ նամակներով ուղարկել է Եվրամիության բարձրագույն ղեկավարությանը Եվրոպական խորհրդի նախագահին, Եվրոպական հանձնաժողովի նախագահին, Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչին: 

Այս մասին Թաթոյանը հայտնել է Facebook–յան իր էջում։  

Հունիսի 15–ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանի` Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշի քաղաք այցից հետո սոցցանցերում հայտնվեց Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների ու նրանց տիկնանց զրույցի տեսանյութը, որում խոսվում էր Ադրբեջանում պահվող հայ գերիների մասին։ Նրանք քննարկում են պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի ականապատ տարածքների քարտեզները գերիների հետ փոխանակելու հարցը։ Ադրբեջանի նախագահը հաստատում է, որ Ադրբեջանում դեռ կան հայ գերիներ, ինչին ի պատասխան Էրդողանի կինն առաջարկում է նրանց փոխանակել մաս–մաս։ 

«Տեսանյութն ապացույց է առ այն, որ հայկական կողմի բոլոր գերիներն Ադրբեջանում պահվում են պատանդի վիճակում` քաղաքական սակարկությունների ու առևտրի համար:Հետևաբար, գերիների նկատմամբ բոլոր դատավարությունները կեղծ են, իսկ կալանավորումները` արգելված պատիժ», – նշել է Թաթոյանը:

Նրա խոսքով, նամակներում ցույց է տրված ինչպես են ադրբեջանական իշխանությունները մոլորեցնում միջազգային հանրությանը, այդ թվում` ԵՄ-ին:

«Այսօրվա ուղարկած նամակները հիմնված են գերիների ընտանիքների ահազանգերի և մեր ուսումնասիրությունների արդյունքների վրա, ցույց են տված նրանց պատճառվող տառապանքները ադրբեջանական իշխանությունների կողմից:

Հատուկ նշվել է ադրբեջանական իշխանությունների հայատյաց քաղաքականության, ինչպես նաև գերիների վերադարձի հետ կապված հարցի քաղաքական շահարկման արդյունքում հայկական հասարակության և հատկապես այդ ընտանիքների մարդկային ապրումների մասին: Նամակներում փաստերի վկայակոչմամբ բարձրացվել է հայկական կողմի գերիների անհապաղ վերադարձի հարցը` իբրև անվերապահ կատարման ենթակա պարտադիր միջազգային պահանջ», – նշել է Թաթոյանը:–0–