ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայտնի են «Հայր և որդի Երեմյաններ» ՍՊԸ-ի «Բուրգըրի» (հասցե՝ Ամիրյան 3/37) հասարակական սննդի կազմակերպությունում արձանագրված աղիքային վարակին բնորոշ դեպքերի վերաբերյալ լաբորատոր արդյունքները, հաղորդում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։
Համաձայն կենտրոնի «Ռեֆերենս Լաբորատոր կենտրոն մասնաճյուղ»-ի կողմից իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքների՝ խմելու ջրում շեղումներ չեն հայտնաբերվել։
Մակերեսներից և աշխատակիցների ձեռքերից վերցված լվացուկներում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ) և Staphylococcus aureus։
Ինչպես հիվանդներից վերցված կենսանմուշներում, այնպես էլ սննդամթերքից վերցված նմուշներում (բուրգերի համար նախատեսված տավարի հում միս (կիսաֆաբրիկատ))՝ հայտնաբերվել է աղիքային վարակիչ հիվանդության հարուցիչ (salmonella enteritidis):
Հիշեցնենք, որ նախօրեին
հայտնի էր դարձել, որ 13 քաղաքացի օգտվել է «Հայր և որդի Երեմյաններ» ՍՊԸ-ի «Բուրգըրի» (հասցե՝ Ամիրյան 3/37) և «Պանդոկ Երևան» (հասցե՝ Ամիրյան 5) հասարակական սննդի կազմակերպություններից ու թունավորվել է։–0–