ԵՐԵՎԱՆ, 9 մարտի./Նովոստի–Արմենիա/. Երևանում բարեհաջող վիրահատվել է սրտի լուրջ խնդիրներ ունեցող 4,5 տարեկան Անգելինան։
Օրերս Facebook սոցցանցում մեծ տարածում էր գտել մի հրապարակում, որի միջոցով փորձում էին ահռելի մեծ գումար հավաքել 4,5 տարեկան Անգելինայի կյանքը փրկելու համար։ Փոքրիկն ուներ սրտային հիվանդություն` կարդիոմիոպաթիա, և վերջերս նրա առողջությունը կտրուկ վատթարացել էր։ Նա գտնվում էր Նորք-Մարաշ Բժշկական Կենտրոնում և բժշկական անձնակազմի հետ պայքարում կյանքի համար։
Նշվում էր, որ աղջնակին շտապ անհրաժեշտ է «արհեստական ձախ փորոք» կոչվող սարքը, որն առաջին անգամ պետք է տեղադրվեր Հայաստանում։
Մի քանի օրվա ընթացքում հավաքվեց անհրաժեշտ 100 հազար դոլարից 70 հազար դոլարը։ Իսկ 30 հազար դոլարը ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրամանով տրվեց պետբյուջեից։ Եվ նախօրեին փոքրիկը վիրահատվեց։
Ինչպես Facebook–յան իր էջում նշում է Արսեն Թորոսյանը, Անգելինայի ամբողջ գիշեր տևած սրտի վիրահատությունը բարեհաջող ավարտվեց՝ շնորհիվ Նորք-Մարաշ ԲԿ սրտային վիրաբույժներ Հրայր Հովակիմյանի և Գագիկ Հեբոյանի և ամբողջ բժշկական անձնակազմի։
«Սա մի մեծ քայլ էր հայկական սրտային վիրաբուժության համար և կյանքը փրկելու անփոխարինելի հույս Անգելինայի համար։ Բժիշկները շարունակում են ամեն ինչ անել, որ երեխան հաղթահարի բոլոր առողջական խնդիրները։ Շնորհակալություն բոլորին, ով իր լուման ներդրեց այս վեհ գործում», – նշել է նախարարը։–0–