ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինը մտահոգված է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության առջև ծառացած լուրջ սպառնալիքներով ու մարտահրավերներով։
«Սփյուռքն արդեն մաշման և գունաթափման փուլում է և անհապաղ վերակազմակերպման կարիք ունի, այն անտարբեր է դարձել իր նկատմամբ և հուսախաբ` Հայաստանի նկատմամբ, հատկապես վերջին տարիներին՝ արցախյան 44-օրյա պատերազմից հետո... Մեր սիրելի Արցախը շրջափակման մեջ է։ հայտարարել է Կաթողիկոսը Cilicia TV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
Ինչ վերաբերում է երիտասարդությանը, ապա, ըստ Արամ Առաջինի, այն բավականին հեռացել է եկեղեցական ու ազգային կյանքից, մեր հավաքական կյանքից։
Միաժամանակ, Կաթողիկոսը մատնանշել է գլոբալիզացիայի ուժեղացված ազդեցությունը հայ ժողովրդի կյանքի վրա։ «Այսուհետ մենք չենք կարող պատեր կառուցել մեր համայնքների շուրջ և ապրել մեկուսացված: Նախկինում մեր լեզուն, մշակույթը և ավանդույթները երաշխավորել և ամրապնդել են մեր ինքնությունը: Գլոբալիզացիան ոչնչացրել է բոլոր հնարավոր արգելքներն ու սահմանները բոլոր ժողովուրդների կյանքում. ստիպված ենք ապրել բազմազգ, բազմակրոն, բազմաէթնիկ հասարակության մեջ»,- ասել է Կաթողիկոսը։
Նա ընդգծել է, որ ներկա պայմաններում սեփական ինքնության ու կառուցվածքի, ավանդույթների, արժեքների պահպանումն ու պաշտպանությունը փաստորեն վերածվել են ամենօրյա պայքարի, հատկապես փոքր ժողովուրդների մոտ։
«Ուստի անհրաժեշտ է մշակել նոր մոտեցումներ` նոր ժամանակին և նոր հրամայականներին համապատասխան՝ բնականաբար հավատարիմ մնալով մեր հիմնական արժեքներին ու իդեալներին»,- նշել է Արամ Առաջինն՝ կարևորելով այս պայմաններում Սփյուռքի վերակազմավորումն ու արդիականացումը։–0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում