ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասներ ներկայացրեց գիշերը զորամասի կացարանում տեղի ունեցած ողբերգական դեպքից, ինչի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, 3–ի վիճակը ծանր է։
Ինչպես նշեց Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ, պարզվել է, որ 2022-ի դեկտեմբերի 21-ին ԶՈՒ գլխավոր շտաբի պետը ստորագրել է կարգադրություն հետևյալ վերնագրով. «Զինված ուժերի զորամասերում տեղի ունեցած հրդեհների և դրանց կանխարգելման մասին»:
«Հստակ հրահանգավորել է, հրաման է տվել, թե ինչ պետք է անել հակահրդեհային կանոնները պահպանելու համար: Ամբողջ տեքստը պետք չի հրապարակել, 7-րդ կետում նշվում է՝ «խստիվ արգելել վառարանների շահագործման համար որպես կպչան օգտագործել ավտոբենզին, նեֆրազ և այլ տեսակի դյուրավառ հեղուկների օգտագործումը, դրանք պահպանել այլ հեղուկներից առանձին», – ասաց Փաշինյանն` ավելացնելով, որ այս հրամանի պրիմիտիվ պահպանումը պարզապես թույլ կտար չունենալ այս դեպքը:
Загружается новость ... "Лево"
«Բայց մենք պարզում ենք, որ ոչ միայն բենզին է օգտագործվել, այլև նախնական տվյալներով, նախարարը զեկուցեց, որ վառարանները վառելու համար հատուկ այրիչներ են բաժանված, որպեսզի լրացուցիչ ուրիշ բաների կարիք չլինի: 5 լիտրանոց տարայով փորձ է արվել լցնել վառարանի մեջ: Բնականաբար, երբ որ արդեն բաց կրակ է եղել, այրվել է ոչ միայն վառարանը, այրվել է նաև բենզինը, հրդեհն անցել է վառարանը վառել փորձող սպային, որից հետո ինքնապաշտպանական բնազդից ելնելով` այդ 5-լիտրանոց բենզինը շպրտվել է զորամասի կացարանի ուղղությամբ: Ենթադրում ենք, ոչ դիտավորյալ: Դրանից հետո արդեն պարզ է՝ ինչ է տեղի ունեցել»,-հայտարարեց վարչապետը:
Փրկարար ծառայության հաղորդմամբ, հունվարի 19-ին, ժամը 01:15-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում այրվում է շինություն:
Դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:58-ին, մարվել՝ 06:33-ին: Այրվել է շինությունը (մոտ 104 քմ)։
ՊՆ–ի հաղորդմամբ, հրդեհի հետևանքով 15 զինծառայող զոհվել է, 3–ի վիճակը ծանր է։–0–