Սիրուհի ունենալը ի՞նչ է, հանցագործությո՞ւն է․ Աղազարյան

04.12.2024, 15:47
Աղազարյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է սիրուհի ունենալու թեմային
Սիրուհի ունենալը ի՞նչ է, հանցագործությո՞ւն է․ Աղազարյան

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Պատգամավոր Հովիկ Աղազարյանը, ով հեռացվել է ՔՊ–ից, այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ՔՊ–ից իրեն հեռացնելու թեմային ու այն հանգամանքին, որ իրեն մեղադրում են պետական, ազգային անվտանգությանը վերաբերող տեղեկությունների արտահոսք կազմակերպելու մեջ։

Նախօրեին ՔՊ վարչության նիստի ժամանակ որոշում կայացվեց պատգամավոր Հովիկ Աղազարյանին հեռացնել ՔՊ–ից պետական և կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքերի, ինչպես նաև հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումների պատճառով։ Ավելի ուշ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտնեց, որ Աղազարյանը տարբեր դրվագներով նման բնույթի տեղեկատվության և կուսակցական, քաղաքական ներքին տեղեկատվությունների արտահոսքեր է  կազմակերպել: Դրանք պարզվել են և դարձել հեռացման հիմքերից մեկը։

Լրագրողի դիտարկմանը, որ երբ հայտարարում են բարոյական հանրային նորմերի խախտման մասին․ շատերին թվում է, որ սիրուհու մասին է խոսքը, Աղազարյանն ասաց. «Սիրուհի ունենալը ի՞նչ է, հանցագործությո՞ւն է: Հիմա ես կուզե՞մ, որ այդ ինֆորմացիան հրապարակվի, իհարկե չեմ ուզի։ Թող հրապարակեն, էնքան հրապարակեն մինչև հոգնեն»:

Լրագրողի այն հարցին, թե կարող է ասել, որ իր դեմ քրեական գործերը անհիմն են և իր դեմ պայքարում են կոմպրոմատներով, անձնական խնդիրներ բարձրացնելով, Աղազարյանն ասաց. «Քրեական գործերի հետ կապված, դրանք ընթացքի մեջ են, ես նախաքննական որևէ գաղտնիք չբացահայտելու համար նպատակահարմար չեմ գտնում մեկնաբանել»:

Աղազարյան VS Քյարամյան

Հոկտեմբերի կեսերին խորհրդարանում բյուջեի լսումների ժամանակ Աղազարյանը վիճել է Քննչական կոմիտեի նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանի հետ։ Աղազարյանը Քյարամյանին կասկածում էր գործարարների վրա ճնշումներ գործադրելու և Քննչական կոմիտեի լիազորությունները չարաշահելու մեջ, իսկ Քյարամյանը հակադարձեց, որ Աղազարյանի որդու համար(ով, ըստ մամուլի հրապարակումների, զբաղվում է մեքենաների ներկրմամբ և վաճառքով, խմբ.) «երկու անգամ խնդրել են» և սրա մեջ կոռուպցիոն տարր կա։

Դրանից հետո մամուլում պարբերաբար տեղեկություններ էին հայտնվում այն մասին, որ Աղազարյանը պատրաստվում է վայր դնել մանդատը։

Քրեական գործ

Աղազարյանի և Քյարամյանի միջև ծագած վիճաբանությունից հետո Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ քրեական օրենսգրքի 486 հոդվածի առաջին մասով (երկու դրվագ)։ Այս հոդվածը վերաբերում է արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելուն։

Նոյեմբերի 18-ին հայտնի դարձավ, որ Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը հրաժարական է տվել։