ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Երեկ՝ նոյեմբերի 18-ին, ուշ երեկոյան, Շուշիում ադրբեջանական կողմը ռուսական խաղաղապահ զորակազմի անմիջական միջնորդությամբ, ԱԻ պետական ծառայությանն է փոխանցել նոյեմբերի 16-ին ՀՀ սահմանի արևելյան ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի իրականացրած հարձակման հետևանքով զոհված 3 հայ զինծառայողի մարմին, հաղորդում է Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Նախնական տվյալներով մարմինները տարհանվել են Սյունիքի մարզի Իշխանասար գյուղի վարչական տարածքից:
«ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունը մարմիններն այսօր տեղափոխել է Երևան: Նրանց ինքնության վերաբերյալ տեղեկություններ կհրապարակի ՀՀ ռազմական գերատեսչությունը», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Նոյեմբերի 16-ին, ժամը 13։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների՝ հակառակորդի առաջխաղացումը կանխելու նպատակով։Հակառակորդը կիրառել է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Ռուսական կողմի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ժամը 18։30-ից ՀՀ արևելյան սահմանագոտում կրակը դադարեցվել է, իրադրությունը հարաբերականորեն կայունացել է։ ՊՆ–ի հաղորդմամբ, Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով հակառակորդի վերահսկողության տակ է անցել 2 մարտական հենակետ։ Հայկական կողմն ունի 6 զոհ, 12 զինծառայող գերեվարվել է, 24–ի զինծառայողի հետ կապը կորել է։ Հակառակորդն ունի մինչև 70 զոհված և վիրավոր զինծառայող, ինչպես նաև զինտեխնիկայի զգալի կորուստներ։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում