Շուրջ 20 օր է՝ նրանից լուր չունեն․ Նվարդը ֆերմայում էր աշխատում, բնակվում էր ֆերմայի տրամադրած տանը

04.07.2024, 14:01
34-ամյա Նվարդ Բարսեղյանը 2018 թվականից բնակվում էր Աշոցք համայնքի Մեծ Սեպասար գյուղում՝ իր 5 անչափահաս երեխաների հետ, սոցիալապես անապահով ընտանիք էին
Շուրջ 20 օր է՝ նրանից լուր չունեն․ Նվարդը ֆերմայում էր աշխատում, բնակվում էր ֆերմայի տրամադրած տանը

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Նախօրեին ոստիկանությունը հայտնել է, որ որպես հարազատների հետ կապը կորցրած որոնվում են 34–ամյա Նվարդ Բարսեղյանն ու նրա հինգ անչափահաս երեխաները։

Գերատեսչությունից հայտնել են, որ հունիսի 7–ին նրանք տաքսիով մեկնել են Երևան՝ Նորագավիթ թաղամաս, որտեղ, իջնելով մեքենայից, հեռացել են անհայտ ուղղությամբ։

Iravaban.net-ին Աշոցքի համայնքապետարանից հայտնել են, որ 34-ամյա Նվարդ Բարսեղյանը 2018 թվականից բնակվում էր Աշոցք համայնքի Մեծ Սեպասար գյուղում՝ իր 5 անչափահաս երեխաների հետ, սոցիալապես անապահով ընտանիք էին։

Կինն անասնապահական ֆերմայում էր աշխատում, բնակվում էր ֆերմայի տրամադրած տանը։ 5 երեխաներից ավագը առաջին, իսկ մյուս 4-ը՝ 2-րդ քաղաքացիական ամուսնության ժամանակ են ծնվել։ Երեխաներից մեծը 11 տարեկան է, երկվորյակները 2015 թվականին են ծնվել, մյուսները՝ 6 և 3 տարեկան են։

«Համայնքում չգիտեն, թե որտեղ է գնացել Նվարդը։ Սոցիալական աշխատողը փորձել է կապվել հետը, սակայն հեռախոսն անհասանելի է եղել։ Տուն այց են կատարել, սակայն այնտեղ չի եղել, արձանագրություն է կազմվել։ Երբ այց ենք կատարել, տանը միայն ինքն էր լինում՝ երեխաների հետ»,-հայտնեցին համայնքապետարանից՝ հավելելով, որ շուրջ 20 օր է՝ նրանից լուր չունեն։

Նշում են՝ երեխաներին շատ լավ է խնամել։