Շեքսպիրյան ժամանակների արքունիքը գլուխը պատն է տվել ներքին խարդավանքների շուրջ. Զոհրաբյանը` ՍԴ դատավորի թեկնածուի ընտրության մասին

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. «Բարգավաճ Հայաստան» ընդդիմադիր խմբակցությունը չի մասնակցելու ՍԴ դատավորների ընտրությանը, այս մասին երկուշաբթի ԱԺ–ում ասաց խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Ավելի վաղ «Լուսավոր Հայաստան» ընդդիմադիր խմբակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը դժգոհություն է հայտնել այն կապակցությամբ, որ չի կազմակերպվել ՍԴ դատավորի թեկնածուի և ընդդիմադիր խմբակցությունների հանդիպումը։
«Մենք չենք մասնակցելու ՍԴ դատավորների ընտրությանը, քանի որ քանիցս ասել ենք, որ ասյտեղ խախտված են հստակ ընթացակարգեր», – հայտարարեց Զոհրաբյանը։
Նա նշեց, որ կա պառլամենտական քաղաքական մշակույթ, որ ներկայացնող սուբյեկտը և նաև իրենց թեկնածուները պիտի շահագրգիռ լինեն խորհրդարանում ներկայացված ոչ միայն մեծամասնությանը, այլև փոքրամասնությունը ներկայացնել իրենց տեսլականը և պատասխանել հարցերին:
«Բայց քանի որ այս ամիսների ընթացքում մենք տեսանք, որ ՍԴ դատավորների շուրջ շեքսպիրյան կրքեր են բորբոքվում հենց նույն խմբակցության ներսում, որ շեքսպիրյան ժամանակների արքունիքը գլուխը պատն է տվել ներքին խարդավանքների, ներքին հոսանքների շուրջ, էս մարդիկ հասկացել են, որ այդ խնդիրները որոշվում են այստեղ։ Եվ ուստի հանդիպել երկու այլ խմբակցությունների հետ նրանք համարել են աննպատակահարմար։ Ես սա համարում եմ հետընթաց»,-ընդգծեց Զոհրաբյանը՝ հավելելով, որ իր 13 տարվա գործունեության ընթացքում չի եղել դեպք, որ իրենք գնան խնդրեն թեկնածուին, ասեն՝ մի հատ կարա՞ս գաս հանդիպես մեր հետ։–0–