Սևանում տեղեր կան, որ եթե այնտեղ մի զբոսաշրջիկ հայտնվի, ում տենա կասի՝ Հայաստան հանկարծ չգնաք. ՀՀ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Սևանի ափին հիմա կան օբյեկտներ, որոնք տեղով էկոլոգիական աղետ են, այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Էդ մարդիկ աղտոտում են Սևանը, էդ աղտոտման արդյունքում կրում են տնտեսական վնասներ ու կառավարությունից պահանջում են, որ քաղաքացիներին ուղղորդեն՝ գնան իրենց աղտոտած ջրերում ու իրենց հավաբուն հիշեցնեղ օբյեկտներում հաց ուտեն»,-ասաց նա` նշելով, թե քանդվող ու փտող վագոնչիկներով ընտանիք երկար չեն պահի։
«Սևանի շուրջ բիզնեսը պետք է քաղաքակրթվի, սա մեր խնդիրն է ու մենք պետք է ունենանք շատ հստակ դիրքորոշում», – նշեց Նիկոլ Փաշինյանը։
Նա ասաց, թե մարդիկ վնաս են հասցնում, իրենց գործողությունների արդյունքների հետ առերեսվում են, հետո ճամփա են փակում ու ասում են՝ կառավարություն, արի լուծի։
«Իսկ ո՞վ է ասել, որ էդ բոլոր հարցերը պետք է կառավարությունը լուծի, դուք ձեր ոտի տակը մաքրեք»,- նշեց վարչապետը։
Նա ասաց, թե հերիք է աչք փակել կատաստրոֆիկ երևույթների նկատմամբ։
«Սևանում տեղեր կան, որ եթե այնտեղ մի զբոսաշրջիկ հայտնվի, ում տենա կասի՝ Հայաստան հանկարծ չգնաք. դա ուղղակի վնասում է երկրի իմիջը», – նշեց ՀՀ վարչապետը:–0–