Սկանդալի հետքերով. Գեղամ Մանուկյանը խոստովանել է, որ ծեծել է սոցցանցի օգտատերերից մեկին

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի./Նովոստի–Արմենիա/. «Երկիր մեդիա» հեռուստաընկերության տեղեկատվական և հասարակական–քաղաքական ծրագրերի տնօրեն, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը երեքշաբթի Facebook–յան իր էջում նշել է, որ ծեծել է ակտիվիստ Վարդան Հարությունյանին անպարկեշտ վարքագծի և կուսակցի վրա հարձակվելու պատճառով։
Հաղորդում` ծեծի մասին
Նախօրեին ակտիվիստ Վարդան Հարությունյանը Facebook–յան իր էջում հրապարակել է լուսանկար` ծեծի հետքերով ու հայտարարել, որ իր վրա արդեն երկրորդ անգամ են հարձակվում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցներն ու ՀՅԴ–ի ներկայացուցիչները։
«Ոստիկանությունն այսքան օրերի ընթացքում չկարողացավ բացահայտել և ապահովել իմ անվտանգությունը։ Ուստի ես ստիպված եմ ինքնադատաստան տեսնելու սեփական անվտանգությունս ապահովելու համար։ ՀԳ ՀՀ ոստիկանություն դուք այլևս գոյություն չունեք», – նշել է Հարությունյանը։
Միաժամանակ ՀՀ ոստիկանությունից տեղեկացրել է, որ հունիսի 3-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգահարել ֆեյսբուքյան օգտատեր Վարդան Հարությունյանը և հայտնել, որ Տերյան փողոցի 3/Ա շենքի բակում իր վրա հարձակում է եղել:
«Մեկնած ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խմբին Վ. Հարությունյանը հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 13.30-ին, շենքի բակում անհայտ անձինք ձեռքերով հարվածներ են հասցրել իր դեմքին և գլխին՝ պատճառելով վնասվածք: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: ՀՀ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի հատկանիշներով (Ծեծը): Միջադեպի մասնակիցներից մեկի ինքնությունը ճշտվել է: Նա բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին: Քննությունը շարունակվում է», – նշվում է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։
Մանուկյանի խոստովանությունը
Գեղամ Մանուկյանը Facebook–ի իր էջում նշել է, որ ինքն է ծեծել Հարությունյանին։
«Հայտնեմ, որ երեկ հայտարարություն արած բերանը ամեն տեղ, այդ թվում սոցցանցերում շաղ տված, մեր ազգային արժեքները ստորացնող, Արցախն ու հոգևոր արժեքները հայհոյող, մանուկների աչքի առաջ պապու վրա հարձակվող ոմն Վարդան Հարությունյանին ես եմ ծեծել։ Մեկն եմ նրանցից, որ դաստիարակչական ապտակ կտայի։ Այժմ գնում եմ Կենտրոն ոստիկանություն, ներկայանալու իրավապահներին», – նշել է Մանուկյանը։
Սոցցանցերի արձագանքը
Սոցցանցերի օգտատերերը դատապարտել են Հարությունյանի նկատմամբ իրականացված բռնությունը` միաժամանակ ըմբռնումով ընդունելով այն փաստը, որ Հարությունյանին ծեծել են կատարված գործողությունների կամ արտահայտությունների համար։
Այսպես, ԶԼՄ–ների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հայկական կազմակերպության ղեկավար Լևոն Սարդարյանը դատապարտել է ակտիվիստի նկատմամբ իրականացված բռնությունը` նշելով, որ յուրաքանչյուրը պետք է պատասխան տա իր արտահայտությունների և գործողությունների համար։
«Ես երբեք չեմ արդարացրել բռնությունը ու հիմա էլ Վարդան Հարությունյանի նկատմամբ բռնությունն եմ դատապարտում։ Բայց։ Ինչպես ասում ա ընկերներիցս մեկը՝ եթե մեկին մեր ես քրֆում, ուրեմն կա՛մ պիտի վստահ լինես, որ մարսելու ես, կա՛մ պիտի պատրաստ լինես, որ մեյդդ փռելու են։ Ասածս ի՞նչ ա։ Բերաններդ ափըռ-ցըփըռ շաղ տալուց առաջ մտածեք, ապերիկներ ու քուրիկներ», – նշել է Սարդարյանը Facebook–յան իր էջում։
Միջադեպի պատճառների մասին
ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը մայիսի 18–ին հարձակման է ենթարկվել Երևանում։ Միջադեպը տեղի է ունեցել Օպերայի հրապարակում, որտեղ Մարգարյանը զբոսնում էր որդու և թոռների հետ։ Մի խումբ ագրեսիվ քաղաքացիներ փորձել են քաշքշել Մարգարյանին, սակայն ոստիկաններին հաջողվել է հանդարտացնել նրանց։ ԶԼՄ–ների հաղորդմամբ, միջադեպի նախաձեռնողները մի խումբ քաղաքացիներ էին, ովքեր դժգոհ էին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու մասին դատարանի վճռից։
Ավելի վաղ Հարությունյանը սոցցանցերի իր էջերում հրապարակել է վիրավորական արտահայտություններ` հասցեագրված Արցախյան թեմի առաջնորդ Պարգև Մարտիրոսյանին և արցախցիներին, քանի որ նրանք աջակցել են Քոչարյանի ազատ արձակմանը։–0–