420.06
5.59
393.57
-9
Եղանակը Երևանում
Հայ

Սահմանվել է ավագ դպրոցում կրեդիտային համակարգի ներդրման և գործարկման կարգը

12:16
03 Նոյեմբերի 2022

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով սահմանվել է միջնակարգ կրթության երրորդ աստիճանում  կրեդիտային համակարգի ներդրման և գործարկման կարգը, հաղորդում է ՀՀ ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը:

Համաձայն հրամանի՝ միջնակարգ կրթության երրորդ աստիճանում կրեդիտային համակարգը հանրակրթական ուսումնական հաստատություններում ներդրվում է՝ որպես ուսումնական գործընթացի կազմակերպման, ուսումնառության արդյունքների կրեդիտների միջոցով չափման, հաշվառման և փոխանցման համակարգ: 

Կրեդիտային համակարգը կներդրվի հետևյալ փուլերով՝

Առաջին՝ նախապատրաստական փուլ․ 2 տարի` 2022-2023 ուստարվա 2-րդ կիսամյակից սկսած: Առաջին փուլում համակարգը կներդրվի Երևան քաղաքի բուհերի հանրակրթական ծրագրեր իրականացնող համապատասխան  ստորաբաժանումներում (ավագ դպրոցներում) և ՀՀ Տավուշի մարզում:

Երկրորդ՝ փորձարկման  և լրամշակման փուլ․ 2 տարի` 2023-2024 ուստարվանից սկսած։ Երկրորդ փուլում համակարգը կփորձարկվի Երևան քաղաքի բուհերի հանրակրթական ծրագրեր իրականացնող համապատասխան  ստորաբաժանումներում (ավագ դպրոցներում) և ՀՀ Տավուշի մարզում: 

Երրորդ՝ ամբողջական գործարկման փուլ․ 2024-2025 ուստարվանից սկսած՝ կրեդիտային համակարգը կներդրվի բոլոր մարզերում և Երևան քաղաքում՝ առաջին և երկրորդ  փուլերի արդյունքների ամփոփման և վերլուծության հիման վրա կարգը լրամշակելուց հետո: 

Համաձայն կարգի՝ միջնակարգ հանրակրթական ծրագիրը սովորողի կողմից համարվում է յուրացված՝ սահմանված կրեդիտների՝ շրջանավարտներին ներկայացվող պարտադիր նվազագույն որակական պահանջները, կարողունակություններն ու վերջնարդյունքները ձեռք բերելուց հետո։

Կրեդիտային համակարգի ներդրման նպատակն է՝ 

  • զարգացնել կրթական միասնական միջավայր հանրակրթական և երաժշտական, արվեստի, գեղարվեստի, պարարվեստի, մարզադպրոցների և արտադպրոցական այլ կրթադաստիարակչական ուսհաստատությունների, մասնագիտական ուսումնական, կրթական այլ հաստատությունների միջև՝ նպաստելով սովորողի կրթության առավել արդյունավետ կազմակերպմանը,
  • առավել դյուրին դարձնել սովորողների անցումը հանրակրթությունից նախնական (արհեստագործական), միջին մասնագիտական, նախնական, միջին մասնագիտական ուսհաստատություններից հանրակրթական և բարձրագույն ուսհաստատություններ,
  • խթանել համադրելիությունը միջնակարգ կրթության երրորդ աստիճանում և նախնական (արհեստագործական), միջին մասնագիտական, ինչպես նաև  բարձրագույն ուսհաստատություններում ուսումնական գործընթացների կազմակերպման միջև,
  • ուսումնառության արդյունքների հաշվառման, կուտակման և փոխանցման համակարգը համապատասխանեցնել միջազգային կրթական չափանիշներին,
  • նպաստել սովորողների մասնագիտական կողմնորոշմանը և հետաքրքրությունների զարգացմանը: 

Կրեդիտային համակարգի հիմնական գործառույթները երկուսն են՝ կրեդիտների հաշվառում և փոխանցում։

Հանրակրթական ծրագրի գնահատման ենթակա բոլոր բաղկացուցիչների (ուսումնական բնագավառներ, դասընթացներ, գործնական, ինքնուրույն աշխատանքներ, գիտելիքների գնահատման ցուցանիշ և այլն) աշխատածավալներն արտահայտված են սովորողի լրիվ ուսումնական բեռնվածությունն արտահայտող (դասարանային, արտադասարանային և ինքնուրույն աշխատանք, ներառյալ՝ նախագծային ուսուցում հաճախումների կամ բացակայությունների հատկանիշները) կրեդիտներով։ 

Տվյալ առարկայի ծրագրի համապատասխան ուսումնական տարվա կամ կիսամյակի  ուսումնառության լրիվ ծրագիրը հաջողությամբ ավարտելու համար սովորողը պետք է ձեռք բերի հանրակրթական ծրագրին համապատասխան սահմանված կրեդիտների անհրաժեշտ քանակը։

Գործում է կրեդիտներով արտահայտված կրթական արդյունքների փոխադարձ ճանաչման և կրեդիտների` ծրագրից ծրագիր փոխանցման (տեղափոխման) հնարավորություն՝  նույն դպրոցի ներսում կամ ավագ կամ միջնակարգ կրթության երրորդ աստիճանի դպրոցների միջև կամ դպրոցի և նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատության կամ դպրոցի և արտադպրոցական կրթադաստիարակչական ուսումնական հաստատության միջև կամ դպրոցի և բարձրագույն ուսումնական հաստատության միջև՝ ընդունող ծրագրի պահանջներին համապատասխան, եթե դրանց կրթական արդյունքները համարժեք են։

Միջնակարգ կրթության կրեդիտների չափումն ու հաշվառումը

Միջնակարգ կրթության երրորդ աստիճանում կրեդիտը սահմանվում է՝ իբրև առարկայական դասընթացն ավարտելու և դրա ելքային արդյունքները ձեռք բերելու համար պահանջվող ժամաքանակով արտահայտված ուսումնական բեռնվածության չափման պայմանական միավոր, որը տրվում է սովորողին տվյալ առարկայի չափորոշչով սահմանված առարկայական վերջնարդյունքների՝ առնվազն չորս միավոր գնահատումից հետո: Միջնակարգ կրթության երրորդ աստիճանում մեկ կրեդիտը համարժեք է սովորողի 30 ժամ լրիվ (դասարանային, արտադասարանային և ինքնուրույն) ուսումնական բեռնվածությանը։ Կրեդիտով սահմանվող ուսումնական բեռնվածությունը ներառում է սովորողի դասարանային, արտադասարանային և ինքնուրույն իրականացվող բոլոր ուսումնական աշխատանքները` մասնակցությունը դասերին, այդ թվում՝ գործնական պարապմունքներին, լաբորատոր աշխատանքներին, գրավոր աշխատանքներին, քննություններին նախապատրաստվելը, հանձնելը, նախագծային ուսուցումը և այլն։

Սովորողի ամփոփաթերթում գրանցված կրեդիտները ուժի մեջ են առավելագույնը 3 տարի՝ անկախ  ուսումնական ծրագրի կամ ուսումնական հաստատության կարգավիճակի կամ կազմակերպական-իրավական ձևի հետագա հնարավոր փոփոխություններից։ 

Սովորողի ուսման առաջադիմության ընդհանրացված արդյունքները ներկայացնելու համար ամփոփաթերթում կիսամյակային կամ տարեկան արդյունքներից հետո ինքնաշխատ եղանակով  գեներացվում են հետևյալ 5 քանակական ցուցանիշները` գումարային կրեդիտների քանակը, գնահատված կրեդիտների քանակը, վարկանիշային միավորները, միջին որակական գնահատականը, հարաբերական գնահատականը։

Գումարային կրեդիտ է  կրթական ծրագրի ավարտական պահանջները բավարարելու նպատակով սովորողի ձեռք բերած կրեդիտների գումարը:

Գնահատված կրեդիտը գումարային կրեդիտների այն մասն է, որը գնահատված է  տարբերակված  (միավորային)  գնահատականներով:

Վարկանիշային միավորը բոլոր կրեդիտների և դրանց համապատասխանող տարեկան գնահատականների արտադրյալների գումարն է։ Վարկանիշային միավորը օգտագործվում է միևնույն ծրագրում ընդգրկված տարբեր ուսումնական բեռնվածություն ունեցող սովորողների առաջադիմությունը համեմատելու համար: 

Միջին որակական գնահատականը (ՄՈԳ) գնահատականների կրեդիտներով  կշռված միջինն է, որը հաշվարկվում է՝ վարկանիշային միավորը տարեկան կրեդիտների ընդհանուր քանակի՝ 60-ի վրա բաժանելով (արդյունքը կլորացվում է մեկ հարյուրերորդականի ճշտությամբ): 

Հարաբերական գնահատականն  իրականացվում է  գնահատականների տոկոսային բաշխման միջոցով ծրագրում կամ ուսումնական ոլորտում ուսանողին շնորհված անցողիկ գնահատականների վիճակագրական բաշխման աղյուսակով, որը ցույց է տալիս, թե ինչպես է գնահատման սանդղակն իրականում օգտագործվում այդ ուսումնական ծրագրում: 

Միջնակարգ կրթության կրեդիտների փոխանցումը 

Միջնակարգ կրթության երրորդ աստիճանի կրթություն իրականացնող հաստատության և այլ կրթական ծրագիր իրականացնող  հաստատությունների միջև կրեդիտները փոխանցելի են  երկու հաստատությունների միջև  առկա պայմանագրի հիման վրա։ Կրեդիտները փոխանցելի են, եթե՝ 

  • առարկայական ծրագրերը նույնն են կամ առկա են բովանդակային ոչ էական տարբերություններ,
  • առկա են բովանդակային տարբերություններ, սակայն կրթական վերջնական արդյունքները համարժեք են,
  • կրթական ծրագրերի բովանդակային տարբերությունների, դրանց էականության, ինչպես նաև կրթական արդյունքների համարժեքության հարցը որոշվում է Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի փորձաքննության արդյունքում կազմված գրավոր եզրակացության հիման վրա,
  • hոսքից հոսք տեղափոխության կամ ուսումնական հաստատությունից այլ ուսհաստատություն տեղափոխվելու պարագայում, երբ կողմերից մեկում  ներդրված չի եղել կրեդիտային համակարգի ընթացակարգը, ապա սովորողի ուսումնական գործունեության արդյունքներն ու առաջադիմության ցուցանիշները, սովորողի ուսումնասիրած դասընթացները և կրթական մոդուլները, ստացած գնահատականները՝ ըստ կրթական մոդուլների և կիսամյակների արտացոլում են սովորողի կատարած ուսումնական աշխատանքի ծավալը և կրթական ձեռքբերումների որակը։

Ավագ կամ միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանից նախնական (արհեստագործական), միջին մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատություն կրեդիտների փոխանցումը կատարվում է սահմանված պայմանների հիման վրա և հաստատության կողմից սահմանված կարգով հաստատված պահանջներին ու չափանիշներին համապատասխան՝ սովորողի ընտրությամբ: Այս գործառույթը ներառում է կրեդիտների փոխանցման հետևյալ տեսակները.

  • ավագ դպրոցում կամ միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանում, նախնական (արհեստագործական), միջին մասնագիտական ուսհաստատություններից  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատված՝ երաշխավորված առարկայացանկից սովորողի կողմից ընտրված առարկաներից կուտակած կրեդիտները կարող են փոխարինել բուհերի ընդունելության քննություններին (միասնական, ներբուհական),
  • ավագ դպրոցում կամ միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանում, նախնական (արհեստագործական), միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում կուտակած կրեդիտների հիման վրա սովորողը կարող է ազատվել բարձրագույն ուսումնական հաստատությունում համապատասխան առարկայական դասընթացների ուսումնասիրությունից՝ տվյալ հաստատության կողմից սահմանված կարգով կրեդիտը ընդունելու դեպքում։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:13
01 Հունվարի 2023
ՌԴ ՊՆ-ն նախատեսում է 2023թ.-ին ՀՀ-ում ՀԱՊԿ զորավարժություններ կազմակերպել
2023թ.-ին ՀՀ-ում ՀԱՊԿ զորավարժություններ կանցկացվեն
16:06
01 Հունվարի 2023
Անվտանգության ոլորտում մեր դաշնակիցները մեզ թողեցին միայնակ. Փաշինյան
Փաշինյանն Ամանորի իր ուղերձում նշել է, որ 2022 թվականը ծանր մարտահրավերների տարի էր
19:55
31 Դեկտեմբերի 2022
Անցնող տարին Հայաստանում՝ լուսանկարներով (ՎԻԴԵՈ)
Հիշենք՝ ինչպիսին էր անցնող տարին Հայաստանի համար. ՎԻԴԵՈ
19:46
31 Դեկտեմբերի 2022
Ադրբեջանի կողմից շրջափակման պատճառով Երևանում մնացած արցախցիներն Ամանորը կդիմավորեն Եռաբլուրում (ՎԻԴԵՈ)
Ադրբեջանի կողմից շրջափակման պատճառով Երևանում մնացած արցախցիներն Ամանորը կդիմավորեն Եռաբլուրում. ՎԻԴԵՈ
09:00
31 Դեկտեմբերի 2022
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ
Սիրելի ընթերցողներ, ընկերներ, «Նովոստի-Արմենիա» գործակալության անունից շնորհավորում ենք ձեզ գալիք 2023 թվականի առթիվ: Թող այն բոլորիս համար լինի խաղաղության, իրականացված հույսերի տարի, թող յուրաքանչյուր օջախ լցվի բարօրությամբ ու ջերմությամբ: Մաղթում ենք առողջություն և լավատեսություն
13:58
30 Դեկտեմբերի 2022
Երևանի փոխքաղաքապետը նշել է, թե երբ Երևանում նոր տրանսոպորտային համակարգ կներդրվի
Ավինյանը նշեց, որ բարեփոխումները ենթադրում են տոմսերի միասնական համակարգ, հարմար կանգառներ և կայանատեղեր, երթուղիների չվացուցակներ
12:13
30 Դեկտեմբերի 2022
ՀՀ–ում գրանցվում է գրիպով հիվանդացության բարձր մակարդակ. ԱՆ–ն զգուշացնում է
Վերջին 2 շաբաթում Հայաստանում գրանցվում է ՍՇՎ–ով և գրիպով հիվանդացության բարձր մակարդակ
10:49
30 Դեկտեմբերի 2022
Հայաստանն Ադրբեջանի դեմ հայց է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան
Հայաստանն Ադրբեջանի դեմ հայց է ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան
22:47
29 Դեկտեմբերի 2022
Շուրջ 763մլն դրամ կհատկացվի Կոտայքում Համայնքային ուսումնամշակութային զարգացման կենտրոն կառուցելու համար
Կառավարության որոշմամբ Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում գտնվող անշարժ գույքը կնվիրաբերվի համայնքին՝ ուսումնամշակութային զարգացման կենտրոն հիմնելու նպատակով
17:33
29 Դեկտեմբերի 2022
Աֆրիկյան ձմեռ. Սուրենյանը հայտնել է, թե ինչ եղանակ է սպասվում տոներին
Աֆրիկյան ձմեռ. Սուրենյանը հայտնել է, թե ինչ եղանակ է սպասվում տոներին
14:59
29 Դեկտեմբերի 2022
Պեսկովը պատասխանել է Փաշինյանին և նշել Արցախ միջազգային խաղաղապահներ ուղարկելու պայմանը
Պեսկովը պատասխանել է Փաշինյանին և նշել Արցախ միջազգային խաղաղապահներ ուղարկելու պայմանը
21:00
28 Դեկտեմբերի 2022
Նախատեսվում են պոլիկլինիկաների աշխատաժամերի փոփոխություններ
Փոխնախարարը տեղեկացրել է, որ նախատեսվում են պոլիկլինիկաների աշխատաժամերի փոփոխություններ