ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Քրեական գործ է հարուցվել «Հայելի» մամուլի ակումբի մոտ տեղի ունեցած միջադեպի առթիվ։
Ինչպես Facebook–յան իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը, Երևան քաղաքի դատախազի հանձնարարությամբ Հայելի մամուլի ակումբի մոտ տեղի ունեցած միջադեպի առթիվ Ոստիկանության կենտրոնական բաժնում քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164֊րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը)։
Մի խումբ երիտասարդներ հոկտեմբերի 5–ի ցերեկը հարձակվել են «Հայելի» մամուլի ակումբի վրա, որի հիմնադիրն ու ղեկավարն Անժելա Թովմասյանն է։ 4 անձինք պաշարել են «Հայելի» մամուլի ակումբը։ Նրանք ձվեր են նետել ակումբի դռներին ու պաստառներ փակցրել։
Загружается новость ... "Лево"
Անժելա Թովմասյանը տեղի ունեցածը որակել է խուլիգանություն, որին պետք է շատ արագ տրվի իրավական պատասխան։ Հայաստանի ժուռնալիստների միությունն իր հերթին խստորեն դատապարտում է «Հայելի» մամուլի ակումբի դեմ տեղի ունեցած հարձակումը՝ կատարվածը գնահատելով որպես ոտնձգություն՝ ուղղված ազատ խոսքի դեմ։
Անժելա Թովմասյանը Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի քույրն է։ Հոկտեմբերի 4–ին ԱԺ պատգամավորները գաղտնի քվեարկությամբ հավանություն տվեցին «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությանը, որը վերաբերում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցմանը։ Խմբակցությունում կարծում են` քանի որ Թովմասյանը երկար ժամանակ եղել է նախկին իշխող ՀՀԿ կուսակցության անդամ և 2010թ.–ից զբաղեցրել է մի շարք առանցքային պաշտոններ, ապա դա հարուցում է կասկածներ Թովմասյանի անաչառության հարցում։ Որպես երկրորդ պատճառ նշվում է այն, որ Թովմասյանն ազգակցական հարաբերություններ ունի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանի հետ։–0–