ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում հետաձգվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած բողոքի քննությունը։
Ինչպես հաղորդում է aysor.am–ը, Ռոբերտ Քոչարյանի պաշտպանակն խմբի անդամ Հայկ Ալումյանը նշել է, որ պաշտպանական խմբի մյուս անդամ Արամ Օրբելյանի կողմից ներկայացվել է առաջին վերաքննիչ բողոքը, որը հունվարի 18-ին էին ներկայացրել։
«Դատախազները ժամանակ խնդրեցին, որ բողոքին ծանոթանան ու իրենց փաստարկները ներկայացնեն, նիստը հետաձգվեց մինչև հունվարի 31-ը՝ ժամը 14։00-ն», - ասել է Հայկ Ալումյանը։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է մի խումբ անձանց հետ նախնական պայմանավորվածությամբ սահմանադրական կարգը տապալելու համար։ Վերաքննիչ դատարանն օգոստոսի 13–ին բավարարեց Քոչարյանի փաստաբանների` կալանքի փաստը բողոքարկելու միջնորդությունը։ Միջնորդությունը բավարարվեց` հաշվի առնելով նախկին նախագահի անձեռնմխելիությունը։ Քոչարյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից։ Սակայն դեկտեմբերի 7–ին Վերաքննիչ դատարանի նիստի արդյունքում նա կրկին կալանավորվեց։ Հունվարի 18–ին Քոչարյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով։–0–