ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը երկուշաբթի բավարարեց Մարտի 1-ի գործով մեղադրող դատախազների՝ ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ միջնորդությունը։
Նշենք, որ միջնորդությունը ներկայացվել էր անցած դատական նիստի ժամանակ դատախազ Գևորգ Բաղդասարյանի կողմից։ Դատախազը կասկածի էր ենթարկել դատավորի օբյեկտիվությունը։
«Դատարանը որոշեց բավարարել դատախազ Գևորգ Բաղդասարյանի միջնորդությունը։ Որոշումն ուղարկվել է կողմերին», – հայտարարեց դատավորը։
Ավելի վաղ ներկայացնելով միջնորդությունը` դատախազը հղում էր կատարել այս տարվա մայիսին սոցցանցում օգտատեր Արտակ Գալստյանի հրապարակմանը, որտեղ նշվում է, որ դատավոր Պապիկյանը մասնակցել է Քոչարյանին կալանքից ազատ արձակելու միջնորդության նախապատրաստական աշխատանքներին։ Ավելի ուշ դատավորը հերքել էր այդ տեղեկատվությունը` նշելով, որ դա զրպարտություն է։
Քոչարյանի պաշտպանները դեմ էին արտահայտվել` նշելով, որ միջնորդության ձևակերպումն, ըստ էության, դատական գործընթացն այլ դատավորի հանձնելու պահանջ է։ Փաստաբան Հայկ Ալումյանն անթույլատրելի էր համարել դատավորի փոփոխությունն անհայտ հեղինակի հրապարակման հիման վրա։
Քոչարյանն իր հերթին արատավոր պրակտիկա է անվանել դատավորի ինքնաբացարկի ներկայացումը միայն սոցցանցերում տեղ գտած հրապարակումների հիման վրա։–0–