Քննչական կոմիտեի նախագահի տեղակալը հրաժարականի դիմում է ներկայացրել. ԶԼՄ

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Սամվել Ավետիսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։
Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռ/կ-ն, հղում անելով վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանին, Ավետիսյանն աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն։
«Ազատություն» ռ/կ-ի հաղորդմամբ, հայտնի չէ` արդյո՞ք այս հրաժարականը կապված է Ամուլսարի քրեական գործի հետ։
Վերջին օրերին տեղեկություններ են շրջանառվում, որ ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված և կիբեռհանցագործությունների քննության վարչության պետ, Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանն ու Սամվել Ավետիսյանը հրաժարական են տվել։ Սակայն հինգշաբթի Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Նաիրա Հարությունյանը հերքեց Իվանյանի հրաժարականի մասին տեղեկությունները։ «Ինչ վերաբերում է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ Սամվել Ավետիսյանի աշխատանքից ազատվելու մասին լուրերին, ապա ՀՀ ՔԿ նախագահի տեղակալների ազատումն ու նշանակումը Քննչական կոմիտեի լիազորությունների շրջանակներում չէ», – նշել է Հարությունյանը։
Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, «Ինֆոկոմ» տեղեկատվական հարթակի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանի և շրջակա միջավայրի վրա Ամուլսարի ծրագրի ազդեցության գնահատման դրական եզրակացությունը ստորագրած` բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանի միջև բարեկամական կապ կա։ Այս տեղեկությունները հաստատել է նաև Հարությունյանը։
Ամուլսարի հանքավայրի աշխատանքը, որի շահագործմամբ զբաղվում է Lydian Armenia ընկերությունը, արդեն կես տարուց ավելի է, ինչ դադարեցված է` Ջերմուկում և Սևանում շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձագիտական գնահատական ստանալու նպատակով։
Օգոստոսի 15–ին Հայաստանի քննչական կոմիտեի ղեկավար Հայկ Գրիգորյանը ներկայացրել է միջազգային փորձագիտական խմբի եզրակացությունը, որի համաձայն, բնապահպանական սպառնալիքներ չկան, իսկ հավանական ռիսկերը կառավարելի են համապատասխան քայլեր ձեռնարկելու դեպքում։
Ավելի վաղ վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ Ամուլսարի հանքավայրի շահագործումը բխում է պետության շահերից։
Օգոստոսի 28–ին վարչապետը տեսակոնֆերանս է ունեցել ELARD–ի ներկայացուցիչների հետ, որի արդյունքներով, նա հայտնեց, որ ի հայտ են եկել նոր հանգամանքներ, որոնք ուսումնասիրման և գնահատականի կարիք ունեն։–0–