Պայթյունից տուժածներից 2–ի վիճակը ծայրահեղ ծանր է․ ԱՆ

07.06.2024, 11:00
Սևան–Երևան ճանապարհին գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած 2 քաղաքացու վիճակը ծայրահեղ ծանր է
Պայթյունից տուժածներից 2–ի վիճակը ծայրահեղ ծանր է․ ԱՆ

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով հոսպիտալացված տուժածներից երկուսը շարունակում են մնալ վերակենդանացման բաժանմունքում, առողջական վիճակը` ծայրահեղ ծանր, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ 

Մյուս չորս պացիենտի մոտ նկատվում է դրական դինամիկա։ 

Բժիշկների գնահատմամբ` նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության. շարունակում են ստանալ համարժեք բուժօգնություն։

 Փրկարար ծառայությունից հայտնում են, որ ըստ նախնական տվյալների՝ Երևան-Սևան ավտոճանապարհի թիվ 6/1 հասցեում՝ «Գազ օիլ» ՍՊԸ-ի գազաբենզալցակայանում, նախօրեին ժամը 23–ի սահմաններում պայթել է հեղուկ գազի ցիստեռն, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ են տեղափոխվել Կ․ Ս․-ն (ծնված 1980 թ․) և Գ․ Չ․-ն (ծնված 1991 թ․), այնուհետև՝ տեղափոխվել «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են ծանր։ Աբովյանի ԲԿ են տեղափոխվել Լ․ Հ․-ն (ծնված 2007 թ․), Հ․ Խ․-ն (ծնված 2001 թ․), Մ․ Գ․-ն (ծնված 1989 թ․), Ա․ Ա․-ն (ծնված 1990 թ․) և Լ․ Ս․-ն (ծնված 1963 թ․). Լ. Հ․-ն ստացել է համապատասխան բուժօգնություն և դուրս գրվել, իսկ մյուսները տեղափոխվել «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ: