Փաշինյանը նշել է, թե որն է իր համար Հայաստանի Հանրապետության սահմանը

27.10.2021, 19:15
Փաշինյանը նշել է, թե որն է իր համար Հայաստանի Հանրապետության սահմանը
Փաշինյանը նշել է, թե որն է իր համար Հայաստանի Հանրապետության սահմանը

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ սահմանը չի փոխվել, և Հայաստանը ելնում է այն նույն սահմանից, որ նկարագրված է 2010 թ.-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին օրենքում», որտեղ նկարագրված է, թե Հայաստանը որտեղ է ավարտվում և Ադրբեջանը որտեղ է սկսվում։

Այս մասին Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի հարցին, թե ո՞րն է համարում Հայաստանի Հանրապետության սահմանը։

«Մենք այսօր ելնում ենք այդ իրողությունից, ինչը չի նշանակում, թե 100 %-անոց ճշգրիտ է։ Մենք ասում ենք, որ Սոթք-Խոզնավար հատվածում Ադրբեջանի զինված ուժերը խախտել են մեր սահմանը, մնացած հատվածներում մենք ունենք որոշակի ստատուս-քվո։ Չի փոխվել Հայաստանի Հանրապետության տարածքը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ այլ բան է, որ այդ սահմանը դեմարկացիայի և դելիմատացիայի խնդիր ունի։

«Քանի դեռ դեմարկացիա ու դելիմիտացիա արված չէ, այդ խնդիրը կա, բայց ՀՀ տարածքը չի փոխվել, ոչ մի փոփոխություն չի կրել։ Եվ զինված ուժերն էլ, էն ինչ վերաբերում է ՀՀ սահմանին, տարածքին, առաջնորդվում են այդ տրամաբանությամբ»,- ասաց Փաշինյանը։

Արթուր Ղազինյանն էլ նշեց. «Փաշինյանի հայտարարությանը իրավապահները պետք է ուշադրություն դարձնեն, քանի որ առկա է ՀՀ պետական սահմանի մասին օրենքի դրույթների խախտում, ինչը հանգում է տարածքային ամբողջակայության դեմ ուղղված գործողությունների հոդվածին, որովհետև վարչատարածքային բաժանման մասին օրենքը չի կարող հիմք հանդիսանալ պետական սահմանը գծելու համար»։ -0-