ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է այն հարցին, թե արդյոք Հայաստանի համար ընդունելի է սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի մասին Ռուսաստանի չորրորդ առաջարկը։
«Երբ մենք ասում ենք, որ այդ առաջարկն ընդունելի է Հայաստանի համար, չենք ասում, որ դա 100 տոկոսով համապատասխանում է Հայաստանի պատկերացումներին: Մենք ուզում ենք դրանով ոչ թե ձևականորեն, այլ իրականում ի ցույց դնել, որ ցանկանում ենք գնալ լուծումների։ Նայկական կողմը նախկինում հանդես էր եկել առաջարկություններով՝ զորքերի հայելային հետքաշում, ինչից հետո ՌԴ-ն առաջարկներ էր արել, որը լիարժեք չէր համապատասխանել հայկական կողմի առաջարկների տրամաբանությանը։ Ռուսաստանը փորձ է անում Ադրբեջանի և մեր դիրքորոշումներից ինչ-որ միջին բան դուրս բերել», – ասաց Փաշինյանը Facebook–յան ասուլիսի ժամանակ:
Նա բարձր գնահատեց Ռուսաստանի Դաշնության նախագահի անձնական ջանքերը, պաշտպանության նախարարության, արտաքին գործերի նախարարության ջանքերը։
Փաշինյանը հայտարարեց, որ եթե առաջարկն ամբողջությամբ համապատասխանի հայկական դիրքորոշմանը, դա չի ընդունի Ադրբեջանը, և պետք է գալ միջին տարբերակին։
«Կա տարվող դիվանագիտական աշխատանք, որը հրապարակայնացնելը կխաթարի ու կզրոյացնի ողջ գործընթացը», – ասաց Փաշինյանը։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ Ռուսաստանի վերջին առաջարկը շատ չի տարբերվում նախկինում ռուսական կողմի արած առաջարկներից», – ասաց Փաշինյանը` պատասխանելով այն հարցին, թե դելիմիտացիայի և դեմարկացիայի մասին Ռուսաստանի արդեն 4–րդ առաջարկությունը բովանդակությամբ տարբերվում է նախկին առաջարկություններից։
«Տպավորություն կա, որ թուղթ է ստորագրվելու սահմանազատման և սահմանագծման արդյունքների մասին: Այսպիսի բան հնարավոր չէ: Ստորագրվելիք հնարավոր փաստաթուղթը լինելու է հետևյալի մասին՝ Հայաստանը և Ադրբեջանը ձևավորում են հանձնաժողով, որը սկսում է զբաղվել սահմանազատման և սահմանագծման աշխատանքներով»,- ասաց Փաշինյանը: Նա նշեց, որ այդ թղթի մեջ գրված չի լինելու՝ որտեղով է անցնելու սահմանը, և որ դա արվելու է տվյալ հանձնաժողովի աշխատանքի հիման վրա:
«Սահմանազատումն ու սահմանագծումն այնքան բարդ գործընթաց է… Փաստաթուղթը լինելու է այն մասին, որ հանձնաժողով է ձևավորվում, և սկսվում են աշխատանքները. ի՞նչ մեթոդաբանությամբ դա պետք է տեղի ունենա, ի՞նչ իրավական հիմքերի վրա հենվի: Շատ է խոսվում քարտեզների մասին: Պետք է բոլորս հասկանանք, որ քարտեզը նկար է, որն առանց իրավական հիմնավորման որևէ արժեք չունի»,- հայտարարեց կառավարության ղեկավարը՝ հավելելով, որ այսօր հայկական կողմը միլիմետրի ճշտությամբ գիտի Խորհրդային Հայաստանի՝ դե յուրե նշանակություն ունեցող սահմանները որտեղով են անցնում:
«Կարող է հնչել հարց և քննադատություն՝ ինչո՞ւ Սովետական Հայաստանի: Պատասխանը շատ պարզ է՝ որովհետև Հայաստանի Հանրապետությունն անկախություն հռչակել է Սովետական Հայաստանի տարածքով, և միջազգային հանրությունը ճանաչել է ՀՀ-ն այդ տարածքով»,- ասաց Փաշինյանը:–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում