Փաշինյանը մեկնաբանել է Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները (ՎԻԴԵՈ)
13:36
17 Հունիսի 2020
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները։
«Ժողովրդի ազատ կամարտահայտմանը խոչընդոտելու (և ընդհանրապես՝ կոռուպցիայի, չարաշահումների, հարկեր վճարելուց խուսափելու և այլ) բոլոր դեպքերը պետք է Հայաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով քննվեն և հանգեն օրենքով նախատեսված արդյունքի: Ազատությունը, ժողովրդավարությունը, օրինականությունը Հայաստանում այլընտրանք չունի: Բոլորը հավասար են օրենքի առաջ», – գրել է նախօրեին Փաշինյանը Facebook–ի իր էջում`հրապարակելով ԲՀԿ–ի կողմից ընտրակաշառք տալու մասին ԱԱԾ–ի տեսանյութը:
Ծառուկյանի շուրջ իրադարձությունների մասին
Հունիսի 14–ին առավոտյան ԱԱԾ աշխատակիցները խուզարկել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար և գործարար Գագիկ Ծառուկյանի առանձնատունը, այնուհետև կանչել են ԱԱԾ`հարցաքննության, որը տևել է ավելի քան 9 ժամ, որի ընթացքում ԱԱԾ–ի մոտ կազմակերպվել էր բողոքի զանգվածային ակցիա։
ԱԱԾ–ում հարուցվել է մի քանի քրեական գործ, որոնց դերակատարներն են Ծառուկյանն ու նրա կողմնակիցները, այդ թվում` «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը։ Քրեական գործերը վերաբերում են անօրինական ձեռնարկատիրական գործունեությանը, ընտրական գործընթացներում ԲՀԿ–ի ընտրակաշառքների սխեմայի քողազերծմանը, «Առինջ մոլի» շահագործմամբ զբաղվող ընկերության հանցավոր սխեմայի բացահայտմանը։
Ծառուկյանը բազմաթիվ անգամ հայտարարել է, որ քրեական գործերը սարքած են ու շինծու, ունեն ակնհայտ քաղաքական ենթատեքստ։ Նա հայտարարել է, որ այս ամենի պատճառը ՀՀ գործող կառավարության հասցեին հնչեցրած քննադատությունն է և նշել է, որ կառավարությունը «գնում է ընդդիմախոսների նկատմամբ տեռորի ճանապարհով», նա արդեն արել է իր ընտրությունն ու «պատրաստա է ցանկացած սցենարի»։
Հունիսի 16–ին ԱԺ–ն զրկեց Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից, ինչպես նաև հավանության արժանացրեց նրան ազատությունից զրկելու միջնորդությունը։
Այսօր երեկոյան տեղի կունենա Ծառուկյանի խափանման միջոցի հարցով դատական նիստը։–0–