Փաշինյանը մեկնաբանել է Արտակ Զեյնալյանի հրաժարականը
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հրաժարականը։
Հիշեցնենք, որ հունիսի 7–ին Արտակ Զեյնալյանը հրաժարական է տվել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնից` տեղեկացնելով այդ մասին Facebook–յան իր էջում։ Հունիսի 12–ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ազատել է Զեյնալյանին զբաղեցրած պաշտոնից։
«Կարող եմ ասել, որ Զեյնալյանի հրաժարականը մեր համատեղ որոշումն էր, մենք զրույց ենք ունեցել, և այդ զրույցի արդյունքում եկել ենք այդպիսի եզրակացության։ Դրա բացատրությունը հետևյալն է. կառավարությունը կենդանի օրգանիզմ է, և կառավարության առաջ դրված խնդիրները դինամիկ խնդիրներ են, որոնք փոփոխվում են ժամանակի ընթացքում, փոխվում է նաև խնդիրների շուրջ գոյություն ունեցող միջավայրը, և առաջ են գալիս նյուանսներ, որտեղ նաև որոշակի կադրային փոփոխություններ անելու անհրաժեշտություն է առաջանում։ Ես շատ բարձր եմ գնահատում Արտակ Զեյնալյանին», – ասել է ՀՀ վարչապետը Շանթնյուզին տված բացառիկ հարցազրույցում։
Նրա խոսքով, բոլորիս աչքի առաջ է եղել դատաիրավական համակարգի շուրջ ձևավորված միջավայրը, և «այդ միջավայրի փոփոխության արդյունքում առաջ են գալիս կադրային փոփոխություններ»։
Նա նաև նշել է, որ մինչև հիմա իշխանություններին մեղադրում են, որ նրանք պահում են յուրայիններին, իսկ օտարներին հեռացնում են։ Նա պարզաբանել է, որ իրավիճակի նման ընկալում կա նաև այսօր, չնայած իրականությունն այդպիսին չէ, ինչի մասին խոսում է կառավարության կազմը։
Պատասխանելով այն հարցին, թե ինչ խնդիրներ են առաջացել, որոնք Զեյնալյանը չի կարողացել լուծել` Փաշինյանը նշել է. «Կա աշխատանքի ոճի, ընկալումների, գործիքակազմի, դրանց կիրառման ինտենսիվության վերաբերյալ պատկերացումներ և պրակտիկա, և դրանց գնահատման արդյունքում մենք եկել ենք այդպիսի եզրակացության» ։–0–

