ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է ժամանակ ձգել, որպեսզի մնա իշխանության մոտ, իսկ նոր ընտրությունները երկրում կարող են հանգեցնել քաոսի, լրագրողներին հայտարարել է «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Գևորգ Գորգիսյանը։
«Նա ժամանակ է ձգում` հույս ունենալով, որ կրքերը կմարեն, և նա կկարողանա մնալ իշխանության մոտ։ Կարծում եմ, որ ամեն դեպքում նա այլևս անելիք չունի Հայաստանի քաղաքական դաշտում։ Նա պետք է գնա, և միայն այսպես կարող է հույս հայտնվել, որ մենք կկարողանանք դուրս գալ այս իրավիճակից», – ասաց նա։
Գորգիսյանն ընդգծեց, որ ընտրությունների անցկացումը հիմա բացառված է, և եթե ինչ–որ մեկը կփորձի ընտրություններ նախաձեռնել, ապա կարվի ամեն ինչ դրա դեմ։
Загружается новость ... "Лево"
«Մենք արդեն ներկայացրել ենք անցնցում հեռանալու ձևը։ Ազգային ժողողն արտահայտում է անվստահություն, Փաշինյանը գնում է և գալիս է նոր վարչապետ, ձևավորվում է Ազգային համաձայնության կառավարություն, որը բացառապես բաղկացած է ոլորտի պրոֆեսիոնալներից», – տեղեկացրեց նա։
Պատգամավորն ընդգծեց, որ նման կառավարության ձևավորման դեպքում կուսակցության պատկանելիությունն այլևս այդպիսի նշանակություն չունի, առաջին տեղում կանգնած է փորձագետների պրոֆեսիոնալիզմը, որոնք կկարողանան ոտքի կանգնեցնել և կայունացնել երկիրը։
«Խոսում ենք ժամանակավոր կառավարության մասին, որը ի վերջո պետք է երկիրը բերի ընտրությունների։ Եթե մենք այսօր գնանք ընտրությունների, կլինի քաոս, և նա, ով իր թիմում ունի ավելի շատ զինված մարդ, կհաղթի։ Մենք կունենանք 90–ականների վատ փորձը` ընտրական արկղերի գողություն, ծեծ, սպանություն և այլն։ Չենք կարող նման բան թույլ տալ, դա կարող է լինել Հայաստանի վերջի սկիզբը», – կարծում է Գորգիսյանը։
Պատգամավորը հիշեցրեց, որ ընդդիմությունը հրապարակել է ճանապարհային քարտեզ, որի առաջին կետը Փաշինյանի հրաժարականն է, սակայն այսօր, նրա խոսքով, պարզ դարձավ, որ նա «այնքան էլ չի ուզում գնալ», ինչի կապակցությամբ հետագա քայլերը կրկին պետք է քննարկվեն։–0–