Փաշինյանը հայտարարել է, որ Պուտինի հետ քննարկել է գազի գնի հարցը

07.06.2019, 16:44
Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը քննարկել է գազի գնի հարցը։
Փաշինյանը հայտարարել է, որ Պուտինի հետ քննարկել է գազի գնի հարցը

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը քննարկել է գազի գնի հարցը։

Նրա խոսքով, կարևոր է, որպեսզի համաձայնեցված գինը չարգելակի հանրապետության աճի տեմպերը։

«Դա, իսկապես, շատ կարևոր հարց է մեր հարաբերությունների համար, քանի որ, կարծում եմ, որ այդ հարցը մենք քննարկում ենք նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակում։ Կարծում եմ` պետք է հասկանալ հարցի բոլոր նրբությունները, քանի որ Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ ասել եմ, որ ունենք շատ լավ տնտեսական դինամիկա», – ասել է Փաշինյանը։ 

Նա նշել է, որ առաջին եռամսյակի արդյունքում ՀՀ–ում տնտեսական աճի ցուցանիշը կազմել է 7,1%։

«Դա ցույց է տալիս, որ ունենք տնտեսական ցատկ կատարելու շատ լավ շանսեր։ Մենք դա անվանում ենք տնտեսական հեղափոխություն։ Եվ շատ կարևոր է, որպեսզի կարողանանք համաձայնեցնել գազի այնպիսի գին, որպեսզի այն չկոտրի մեր տնտեսությունում գրանցված տեմպը։ Եվ ես հուսով եմ, որ կգտնենք ընդհանուր լեզու, չէ՞ որ Ռուսաստանի հետ ունենք անսովոր, ռազմավարական հարաբերություններ և կարծում եմ, որ հարկավոր է նաև լուծել գազի ռազմավարական հարցը», – ընդգծել է ՀՀ վարչապետը։

Նշենք, որ հիմա գործում է «Գազպրոմ էքսպորտ» («Գազպրոմ» հոլդինգի կառույց) և «Գազպրոմ Արմենիա» ընկերությունների միջև ստորագրված պայմանագրին կից լրացուցիչ համաձայնագիր, ըստ որի որոշվում է 2019թ.–ին գազի գինը Հայաստանի համար։ «Գազպրոմը» 2019թ.–ի հունվարի 1–ից Հայաստանի համար բարձրացրել է գազի գինը սահմանի վրա` հազար. խմ–ի դիմաց 150 դոլարից դարձնելով 165 դոլար։ Ինչպես ավելի վաղ հայտարարել է ՀՀ վարչապետը, չնայած դրան, Հայաստանում ներքին սակագները կմնան անփոփոխ։–0–