Փաշինյանը հանձնարարել է գույքագրել ԱԳՆ-ում առկա ղարաբաղյան բանակցային թղթերը
«Ազատություն» ռ/կ–ն անցած տարեվերջին Նիկոլ Փաշինյանին հարցրել էր՝ պատրա՞ստ է հրապարակել մինչև իր պաշտոնավորումը և նաև իր պաշտոնավարման ընթացքում ղարաբաղյան խնդրի կարգավորմանը վերաբերող պաշտոնական փաստաղթղթերը, որպեսզի հանրությունը առանց քաղաքական շահարկումների, կոնկրետ փաստերի հետ ծանոթանալով ինքը հետևություններ անի։
Հարցի պատմությունը
Անցնող տարվա վերջին օրերին վարչապետը 4 անգամ Հայաստանի նախկին նախագահներին հրավիրել է Ղարաբաղի հարցով հանրային բանավեճերի, սակայն նախկին նախագահների ներկայացուցիչներն ասել են, որ Փաշինյանի հետ քննարկելու բան չունեն։
Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը բանավիճելու փոխարեն Փաշինյանին առաջարկել է հրապարակել ղարաբաղյան բանակցություններին վերաբերող բոլոր փաստաթղթերը։
«Եթե, Նիկո՛լ, ցանկանում ես, որ հանրությունն իմանա ողջ ճշմարտությունը ղարաբաղյան խնդրի կարգավորման դիվանագիտական գործընթացի մասին, ապա առաջարկում եմ. քանի որ Արցախի կործանումից հետո այդ գործընթացի խորհրդապահությունը կորցրել է իր իմաստը, հրապարակել Մինսկի խմբի համանախագահների կողմից պաշտոնապես ներկայացված խաղաղության բոլոր (այդ թվում՝ 2019թ. հունիսի) պլանները և հայկական դիվանագիտության պաշտոնական պատասխանները դրանց։ Այ դա արդեն կլինի իսկական բանավեճ, հիմնված փաստերի վրա։ Իսկ եթե դա չանես, ևս մեկ անգամ կապացուցես, որ փախչում ես ճշմարտությունից և զբաղված ես պատմական պատասխանատվությունից փոքրոգիաբար խուսափելու գործով», - մասնավորապես նշել էր առաջին նախագահը։
Փաշինյանի արձագանքը
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արտգործնախարարին հանձնարարել է գույքարել Արտգործնախարարությունում առկա բանակցային թղթերը, և փաթեթի հնարավոր հրապարակումը Հայաստանի պետական անվտանգության շահերի դիտանկյունից քննարկելուց և գնահատելուց հետո որոշում կկայացվի այն հրապարակել/չհրապարակելու մասին», - «Ազատության» հարցմանն ի պատասխան՝ փոխանցել են վարչապետի աշխատակազմից։
«Ազատության» հարցման պատասխանում վարչապետ Փաշինյանը միաժամանակ հորդորել է հենց նախկին նախագահներին հրապարակել այդ փաստաթղթերը. «Ակնհայտ է, որ երեք նախագահները իրենց ձեռքի տակ ունեն բանակցային բոլոր փաստաթղթերը, և եթե դրանցում կա իրենց ընթացիկ պնդումները հիմնավորող որևէ փաստ, անհասկանալի է, թե ինչու չեն հրապարակում։ Վարչապետ Փաշինյանը տարբեր ժամանակներում ունեցած իր հրապարակային ելույթներոմ բանավոր կերպով հրապարակել է բանակցային գործընթացի առանցքային դրվագները»։

