ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նախկինում հաշվի առնելով զոհված զինծառայողների հարազատների մտահոգությունները դիերի պահման պայմանների վերաբերյալ՝ հանձնարարականներ է տվել պատասխանատու գերատեսչություններին ապահովել պատշաճ պայմաններ։
Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը, հաղորդում է «Արմենպրեսը»:
«Երեկվա դեպքը անթույլատրելի է ցանկացած պարագայում եւ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ նշանակվել է ծառայողական քննություն պարզելու՝ որ պատասխանատու պաշտոնյայի անփույթ գործողությունների հետեւանքով է առաջացել նման խնդիր։ Արձանագրվել է խնդիր, որին երեկ անդրադարձել է նաեւ Առողջապահության նախարարությունը, եւ բոլոր միջոցները ձեռնարկվելու են նման իրավիճակները բացառելու եւ թերացած պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկելու համար», – նշել է Գևորգյանը։
ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը ներողություն է խնդրել Դատաբժշկական կենտրոնի Աբովյանի մասնաճյուղում արձանագրված դիերի և մասունքների ոչ պատշաճ պահման փաստի հետ կապված։
Նախօրեին սոցցանցերում հրապարակվեցին լուսանկարներ, որոնցում երևում էին պարկերի մեջ դրված դիեր և մասունքներ, որոնք դրված են Դատաբժշկական կենտրոնի հատակին։ Այդ լուսանկարները մեծ աղմուկ էին առաջացրել հասարակության շրջանում։
Արցախում զոհված զինծառայողների ծնողները նախօրեին փակել էին Հերացի փողոցը, նրանք հայտարարել էին զոհերի մարմինների և մասունքների թվի հետ կապված անճշտությունների մասին։ Կան կասկածներ, որ իշխանությունները երկար ժամանակ թաքցրել են պատերազմի զոհերի մասունքներն արդյունաբերական սառնարաններում` ավելորդ աղմուկից խուսափելու համար։
Ակցիայի մասնակից Արսեն Ղուկասյանը հայտարարեց, որ մի շարք դեպքերում հարազատներին տալիս են զոհերի մասունքները հուղարկավորելու համար, բայց ավելի ուշ հայտարարում են, որ հայտնաբերվել են մարմնի այլ մասեր, որոնք համընկնում են ԴՆԹ–ով։–0–