Փաշինյան.մինչև 2026 թ.–ը նախատեսվում է կառուցել, հիմնանորոգել կամ վերանորոգել առնվազն 300 դպրոց

18.08.2021, 15:59
Փաշինյանն ասում է`մինչև  2026 թվականը հանրապետության բոլոր 1400 դպրոցներում կստեղծվեն ժամանակակից բնագիտական և  ինժեներական լաբորատորիաներ՝ էապես բարելավելով կրթության որակը
Փաշինյան.մինչև  2026 թ.–ը նախատեսվում է կառուցել, հիմնանորոգել կամ վերանորոգել առնվազն 300 դպրոց

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Մինչև  2026 թվականը նախատեսվում է կառուցել, հիմնանորոգել կամ վերանորոգել առնվազն 300 դպրոց՝ ապահովելով դրանց ամբողջական հագեցումը անհրաժեշտ գույքով և սարքավորումներով:

Այս մասին այսօր կայացած կառավարության նիստում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ներկայացնելով կառավարության 5–ամյա ծրագիրը:

«Կրթության ոլորտում նախատեսվող աշխատանքները միտված են լինելու քաղաքակիրթ, ստեղծագործ, նախաձեռնող, կարողունակ, մրցունակ և  ապագան իր սեփական երկրում պատկերացնող քաղաքացու ձևավորմանը: Ոլորտի զարգացումը սերտորեն կապակցվելու է պետության զարգացման ռազմավարությանը և  գերակայություններին»,-ասաց վարչապետը:

Загружается новость ... "Лево"

Նրա խոսքով ՝ մինչև  2026 թվականը հանրապետության բոլոր դպրոցների բոլոր դասարաններում, ըստ կառավարության ծրագրի, պետք է ապահովել դպրոցական արդիական ու հագեցված ենթակառուցվածքի, ներառական ու զարգացնող միջավայրի, կրթական որակյալ բովանդակության, բարձրորակ ուսուցչական համակազմի և  դպրոցների թափանցիկ ու արդյունավետ կառավարման ամբողջություն։

«Բացի այդ մինչև  2026 թվականը հանրապետության բոլոր 1400 դպրոցներում կստեղծվեն ժամանակակից բնագիտական և  ինժեներական լաբորատորիաներ՝ էապես բարելավելով կրթության որակը»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նշեց նաև, որ ամբողջությամբ կփոխվեն և կներդրվեն նոր դասագրքեր և  ուսումնական նյութեր՝ նոր չափորոշիչների համաձայն: Կբարելավվի մեդիագրագիտության մակարդակը, կզարգացնեն օտար լեզուների, մասնավորապես ռուսերենի, անգլերենի, ֆրանսերենի, նաև տարածաշրջանի լեզուների ուսուցումը:

«Կներդրվեն ուսուցիչների մասնագիտական զարգացման տարբերակված քաղաքականություն՝ ելնելով ուսուցիչների տարբեր խմբերի կարիքներից, աշխատանքային առաջխաղացման, մասնագիտական շարունակական զարգացման և  վարձատրության փոխկապակցված մեխանիզմներից: Հնարավորություն կընձեռվի բոլոր ուսուցիչներին ունենալու առնվազն աշխատավարձի  30-50 % բարձրացում»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Բացի վերը նշվածներից, վարչապետն ընդգծեց, որ կրթությունը հասանելի կլինի սահմանամերձ գոտիներում՝ անկախ համապատասխան մասնագետների առկայությունից: 

«Հանրակրթության որակյալ արդյունքի ապահովումն անհնար է առանց  նախադպրոցական ծառայությունների ցանցի ամբողջական հասանելիության։ Այս նպատակով նախատեսվում է շարունակել նախադպրոցական ծառայությունների ընդլայնման, դրանց որակի բարձրացման, երեխայի զարգացման ամբողջական միջավայրի ձևավորման, նախադպրոցական հաստատությունների մանկավարժների մասնագիտական կարողությունների շարունակական բարելավման ուղղությամբ»,-եզրափակեց նա։–0–