Փաշինյան. մի քանի օր առաջ ահազանգ ստացա, թե առաջնագծի հատվածներից մեկում ինչ-որ մարդիկ գնացել զինվորներին համոզել են, թե «Նիկոլը հողերը ծախել է»

08.10.2020, 12:00
Փաշինյանը հայտնել է, որ ահազանգ է ստացել այն մասին, թե առաջնագծի հատվածներից մեկում ինչ-որ մարդիկ գնացել զինվորներին համոզել են, թե «Նիկոլը հողերը ծախել է», ԱԱԾ–ում հետաքննություն է սկսվել
Փաշինյան. մի քանի օր առաջ ահազանգ ստացա, թե առաջնագծի հատվածներից մեկում ինչ-որ մարդիկ գնացել զինվորներին համոզել են, թե «Նիկոլը հողերը ծախել է»
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ մի քանի օր առաջ ահազանգ է ստացել, թե առաջնագծի հատվածներից մեկում ինչ–որ մարդիկ զինվորներին համոզել են, թե «Նիկոլը հողերը ծախել է»։

Նա այդ մասին հայտնել է Facebook–յան իր էջում։

«Սիրելի հայրենակիցներ, մի քանի օր առաջ ահազանգ ստացա, թե առաջնագծի հատվածներից մեկում ինչ-որ մարդիկ գնացել կռվող զինվորներին համոզել են, թե «Նիկոլը հողերը ծախել է, թե սա իրականում պայմանավորված պատերազմ է, ձեզ էստեղ բերել-մսաղացի մեջ են գցել, որ կոտորեն, որ պայմանավորվածությունը չերեւա, դիրքերը պահելը իմաստ չունի»», – գրել է նա:

Վարչապետն ավելացրել է, որ Ըստ որոշ տեղեկությունների՝ զինվորներին համոզելով, նույնիսկ հրամայելով ստիպել են որոշ մարտական դիրքեր թողնել թշնամուն:

«Իմ հանձնարարությամբ ԱԱԾ-ում սկսվել է հետաքննություն և գործող գլխավոր անձանցից մեկը, որ Ստեփանակերտի բնակիչ է, հայտնաբերվել եւ ձերբակալվել է Երևանում: Հարուցված քրեական գործի շրջանակներում տեղի է ունենում քննություն, որի արդյունքում կպարզվի, թե վերը նշված տեղեկություններից որն է իրական, որը մտացածին: Այս պահին քննվում են տարբեր վարկածներ, ներառյալ քաղաքական ուղղորդման վարկածը, բայց դեռևս շատ բան պարզված չէ: Մեր այն հայրենակիցներին, ովքեր ունեն համանման տեղեկություններ, կոչ եմ անում դիմել Ազգային անվտանգության ծառայություն»,– նշել է Փաշինյանն` ավելացնելով, որ ամենավատն այն է, որ տեղեկություններ կան, թե նման գործունեություն ծավալողներ կան առաջնագծի այլ հատվածներում:

«Բոլորը պետք է հայտնաբերվեն և պատասխանատվության կանչվեն: Դավաճանները չպետք է տեղ ունենան մեր շարքերում և մեր հերոսական գեներալների, սպաների, զինվորների, կամավորների, ազատամարտիկների թիկունքը պետք է մաքրել համանման տարրերից: Ու հաղթանակը հայ ժողովրդինն է լինելու: Հանու՛ն հայրենիքի», – ընդգծել է վարչապետ Փաշինյանը:–0–