ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում տված հարցազրույցում անդրադարձել է սահմանադրական փոփոխությունների թեմային։
«Շատ երկար տարիներ մեր քաղաքական թիմն ու ես դեռ ընդդիմադիր ժամանակներից խոսել ենք սահմանադրական իրականության մասին։ ՀՀ–ում սահմանադրական իրականության հաստատումը սկզբունքային նշանակություն ունի», – նշել է վարչապետը։
Նրա խոսքով, մեր երկրի սահմադրության մեջ գրված է եղել մի բան, իսկ իրականությունը եղել է բոլորովին այլ։
«Եվ մեր կառավարության գործունեությունն առաջին օրից միտված է Հայաստանում սահմանադրական իրականություն հաստատելուն, և մենք այդ հարցում ունենք շատ կոնկրետ հաջողություններ։ Մասնավորապես մեր խնդիրն այն էր, որ գրված է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, և ժողովուրդն իր իշխանությունը ձևավորում է ազատ ընտրությունների միջոցով։ Դա, ըստ էության, շատ երկար 1991թ.–ից այս կողմից տեղի չէր ունեցել, բացառյալ թերևս 1999թ.–ի խորհրդարանական ընտրությունները։Եվ մենք այսօր սահմանադրական իրականությունը ստեղծել ենք», – հայտարարել ` Փաշինյանն` ընդգծելով, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի գիտի, որ ինքը կարող է ձևավորել իշխանություն թե′ տեղական ինքնակառավարման մակարդակում, թե′ հանրապետական մակարդակում:
Նրա խոսքով, 2015թ.–ի ընդունված և 2018թ.–ի ապրիլի 9–ին ամբողջությամբ ուժի մեջ մտնած Սահմանադրության մեջ նկարագրված է ՍԴ–ի մոդել, որն արժանացել է բոլոր միջազգային կառույցների քաջալերանքին և բարձր գնահատականին` «ասելով, որ այս ՍԴ–ի մոդելը բալանսավորված է, նրա մեջ կան անկախության որոշակի և կոնկրետ երաշխիքներ, և նաև հաշվի առնելով ՍԴ ինստիտուտի նկատմամբ ՀՀ–ում երկար տարիներ առկա անվստահությունը` ահա այդ մոդելն այն ճանապարահն է, որով կարելի է վերականգնել վստահությունը ՍԴ ինստիտուտի նկատմամբ»։
«Ի՞նչ է նախատեսված այդ մոդելով` ի՞նչ տարբերություն կա նախկին և այսօրվա ՍԴ–ի գործող մոդելի միջև։ Ի տարբերություն նախկինի, երբ ՍԴ–ի անդամի և նախագահի թեկնածուներին առաջադրում էր ՀՀ նախագահը կամ ԱԺ–ի նախագահը և ընտրում էր խորհրդարանը, նոր մոդելով, որը հենց այսօր ուժի մեջ է, ՍԴ–ի անդամի երեքական թեկնածուներ առաջադրում են ՀՀ նախագահը, կառավարությունը, դատավորների ընդհանուր ժողովը։ Եվ պետք է արձանագրել, որ նոր կարգավորումներով ՍԴ–ի անդամի թեկնածու առաջադրելու իրավասություն ունեցող այս 3 ինստիտուտներից երկուսը բոլորովին ապակուսականացված են», – ասել է ՀՀ վարչապետը։
Նրա խոսքով, այս նոր մոդելով ՍԴ–ի քաղաքականացվածության ու կուսակցականացվածության վտանգներն էականորեն չեզոքացված են:
Փետրվարի 6-ին Ազգային ժողովի պատգամավորները որոշեցին հանրաքվեի միջոցով որոշել Սահմանադրության 213-րդ հոդվածում փոփոխություններ կատարելու հարցը, որը ենթադրում է Սահմանադրական դատարանի լուծարում: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը փետրվարի 9–ին ստորագրեց Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին որոշումը` նշանակելով հանրաքվեի անցկացման օրը։ Այն կկայանա ապրիլի 5–ին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Այո» շարժմանը, իսկ շտաբը կգլխավորի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
Ինչ վերաբերում է «Ոչ»-ին, ապա Ազգային ժողովի որոշման նախագծին դեմ կամ ձեռնպահ քվեարկած Ազգային ժողովի պատգամավորները չեն օգտվել շարժում կազմելու հնարավորությունից՝ ի տարբերություն հասարակական կազմակերպության: Օրերս «Իրավական ուղի» հասարակական կազմակերպության ղեկավար Ռուբեն Մելիքյանը հայտարարել էր կայանալիք հանրաքվեին «Ոչ» քարոզչական կողմ դառնալու մասին: Իսկ փետրվարի 18-ին ԿԸՀ-ն «Ոչ» քարոզչական կողմ գրանցելու դիմում է ստացել:-0-