Փաշինյան. Ռուսաստանի հետ կարևոր պայմանավորվածություններ են ձեռք բերվել կոմունիկացիաների բացման սկզբունքների հարցում

22.04.2022, 15:35
Փաշինյանն անդրադարձել է ՌԴ կատարած պաշտոնական այցին
Փաշինյան. Ռուսաստանի հետ կարևոր պայմանավորվածություններ են ձեռք բերվել կոմունիկացիաների բացման սկզբունքների հարցում
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստի ժամանակ անդրադարձել է ՌԴ կատարած պաշտոնական այցին։

Նա նշել է, որ իր այցը եղել է շատ արդյունավետ:

«Կարևոր պայմանավորվածություններ ձեռք բերեցինք տարածաշրջանային կոմունիկացիաների բացման սկզբունքների հարցում` արձանագրվելով Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության մոտեցումների նույնականացումը: Տվյալ հարցում կարող ենք արձանագրել գործնականում մեր բոլոր միջազգային գործընկերների դիրքորոշումների ընդհանրությունը: Եվ այս ֆոնին կրկին ուզում եմ վերահաստատել` Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը օր առաջ մեկնարկել արևելքը արևմուտքին կապող երկաթուղագծի և ավտոճանապարհների շինարարությունը Հայաստանի Հանրապետության տարածքով»,- նշեց Փաշինյանը` հույս հայտնելով, որ այս հարցով զբաղվող եռակողմ աշխատանքային խումբը` Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի համանախագահությամբ առաջիկայում կկարողանա անհրաժեշտ փաստաթղթեր մշակել և համաձայնեցնել գործընթացը մեկնարկելու համար:–0–