573.17
6.58
485
+28
Եղանակը Երևանում
Հայ

Փաշինյան. ՀՀ–ից մենաշնորհային և կոռուպցիոն տրամաբանությունը վերացել է, առաջնահերթություն է հավասար պայմանների ապահովումը (ՎԻԴԵՈ)

19:13
11 Մայիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Գեղարքունիքի մարզում` Գավառ քաղաքի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճում, մասնակցել է «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» ներդրումային գործարար համաժողովին և դրա շրջանակում բացված տեղական արտադրանքի EXPO ցուցահանդեսին, հաղորդում է վարչապետի մամուլի ծառայությունը։ 

Համաժողովին մասնակցում էին ոլորտային գերատեսչությունների ղեկավարներ, մարզպետներ, պատգամավորներ, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, շուրջ 110 գործարարներ, որից 72-ը` արտերկրից, խոշոր, միջին և փոքր ձեռնարկությունների, բանկային կառույցների ներկայացուցիչներ, փորձագետներ և այլք: 

Համաժողովի մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. 

«Հարգելի հյուրեր, հայաստանցի և օտարերկրացի դիվանագիտական կորպուսի հարգելի ներկայացուցիչներ, պետկան այրեր, ուրախ եմ համաժողովի կապակցությամբ, և ճիշտ արձանագրեց պարոն մարզպետը, որ Գեղարքունիքի մարզ ասելով առաջին հերթին նկատի ենք ունենում Սևանա լիճ: Դեռևս 1995-1996 թվականներին, երբ Հայաստանի նոր վարչատարածքային բաժանումը տեղի էր ունենում, այն ժամանակ կայացվեց, իմ կարծիքով և կարծում եմ` շատերի կարծիքով, ճիշտ քաղաքական որոշում, որ Սևանի ափին տեղակայված բոլոր շրջանները պետք է ընդգրկված լինեն մեկ մարզում: Սա ընդգծում էր նաև Սևանի առանձնահատուկ նշանակությունը Հայաստանի Հանրապետության համար, և Սևանի նշանակությունն այս ընթացքում ոչ միայն չի նվազել, այլև մեծացել է` ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլև ընդհանրապես մեր տարածաշրջանի համար: Կարծում եմ` Սևանա լիճը մեր նաև հիմնական և ամենամեծ զբոսաշրջային ներուժ ունեցող վայրերից է, մեր երկրի ամենագեղատեսիլ վայրերից: Բայց նաև այսօր պետք է խոստովանենք, որ Սևանա լիճը և նրա շրջապատը, ափերը կրում են վերջին 30 տարում Հայաստանում տեղի ունեցող պրոցեսների բոլոր շերտերը` առանց բացառության, և ուշադիր հետազոտողը Սևանա ափերով շրջելիս կարող է հստակ արձանագրել, թե պատմական ինչ փուլեր է անցել մեր հանրապետությունը: Կարծում եմ` հիմա մեր մեծագույն խնդիրը Սևանի առափնյա միջավայրը համապատասխանեցնելն է այն կարգավիճակին, որ Սևանա լիճն ընդհանրապես ունի` որպես տեսարժան վայր, որպես քաղցրահամ ջրի ահռելի պաշար և որպես Հայաստանի Հանրապետության կարևոր սիմվոլներից մեկը:

Սա թվով արդեն չորրորդ մարզային համաժողովն է, այսպիսի համաժողովները մենք շատ կարևորում ենք: Շատ կարևորում ենք այն առումով, որ ուզում ենք արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունում ներդրումային միջավայրը և տնտեսական հարաբերությունների մակարդակը և որակը փոխվել են: Մենք ուզում ենք հստակ արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունից իսկապես մենաշնորհային տրամաբանությունը վերացել է, կոռուպցիոն տրամաբանությունը վերացել է, և մենք կարող ենք բոլոր նախագծերը բաց, թափանցիկ, հրապարակային քննարկել: Մենք ուզում ենք արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունում և, դա կառավարության համար առաջնահերթություն է, բոլոր տնտեսական խաղացողների համար պետք է ապահովել հավասար պայմաններ: Ես հիմա չեմ ասում, որ արդեն իսկ ապահովվել են լիարժեք հավասար պայմաններ, որովհետև հասկանում եմ, որ մեկ տարվա ընթացքում մեր ձեռնարկած գործողությունները, իհարկե, շատ բան փոխել են: Բայց մենք նաև մեկ տարվա արդյունքում նորից պետք է հետազոտենք դաշտը, հասկանանք` որտեղ են, որ մնացել են անարդարության կամ մենաշնորհային կամ արտոնյալության որոշակի դրսևորումներ, և մենք պետք է այդ դրսևորումները վերացնենք` ոչ թե ի հեճուկս ինչ-որ մեկի կամ ինչ-որ բանի, այլ հանուն Հայաստանի տնտեսական զարգացման, հանուն Հայաստանի ներդրումային միջավայրի զարգացման: Այս կարգի միջոցառումները, համաժողովները իսկապես կարևոր են, որպեսզի մենք բարձրաձայն կարողանանք մտածել միասին, թե որտեղ ինչ հնարավորություններ կարող են լինել` ներդրումային և տնտեսական զարգացման:

Շատ կարևոր է իսկապես արձանագրել, որ ոչ միայն Գեղարքունիքի մարզում, նոր Հայաստանում մեզ համար առանձնահատուկ նշանակություն ունեն բնապահպանական չափանիշները, որովհետև բնապահպանությունը, Հայաստանի Հանրապետության համապատասխանեցումը բնապահպանական լավագույն միջազգային չափանիշներին մեզ համար իսկապես առաջնահերթություն է: Սա մեզնից պահանջում է շատ երկարատև, քրտնաջան աշխատանք, և այս աշխատանքը մինչև վերջ իրականացնելու բավարար կամք մենք ունենք:

Եվ, իհարկե, ուզում եմ ասել, որ կառավարությունն առանձնահատուկ հույս է դնում և առանձնահատուկ նշանակություն է տալիս գործարարների ակտիվությանը` ոչ միայն հայաստանցի, ոչ միայն Հայաստանից դուրս գործունեություն ծավալող մեր քաղաքացիների, այլև օտարերկրյա ներդրողների մասին է խոսքը: Ես միշտ ասել եմ և էլի ուզում եմ ասել, որ գործարարությունը նույնպես առանձնահատուկ տաղանդ պահանջող գործունեության տեսակ է. մարդ կա` լավ գիրք է գրում, մարդ կա` լավ երգ է գրում, մարդ կա` լավ շինարարություն է անում, մարդ կա` լավ քաղաքական գործունեություն է ծավալում, երրորդը մի ուրիշ շնորհք ունի: Ես ուզում եմ ասել, որ գործարարությունը նույնպես առանձնահատուկ տաղանդ պահանջող գործունեության տեսակ է, և ես համոզված եմ, որ Հայաստանում և Հայաստանից դուրս մենք ունենք բազմաթիվ տաղանդավոր գործարարներ: Ես համոզված եմ, որ նաև օտարերկրյա պետություններում ունենք բազմաթիվ տաղանդավոր գործարարներ, որոնք հետաքրքրված են Հայաստանով, որոնք հետաքրքրված են պատմական Հայաստանով` նկատի ունեմ այն Հայաստանն իր բնաշխարհով, մարդկանցով և հետաքրքրված են նոր Հայաստանով, այն նոր հնարավորություններով, որոնք ստեղծվել են նոր Հայաստանում:

Եվ ես ուզում եմ մեզ բոլորիս հաջողություն մաղթել: Մեկ տարի է արդեն անցել, ինչ Հայաստանում տեղի է ունեցել ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխություն, և մեկ տարվա արդյունքներով մենք արձանագրում ենք, որ մեր մտքերի ընթացքը ճիշտ է` մենք ճիշտ ուղղությամբ ենք գործում, ճիշտ ուղղությամբ ենք քայլում, ճիշտ ուղղությամբ ենք մտածում, և մեր մեծագույն խնդիրն է` Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, գործարարներին, ներդրողներին քաջալերել, որպեսզի նրանք գործունեություն ծավալեն Հայաստանի Հանրապետությունում, որպեսզի նրանք գան Հայաստան, հարստանան իրենք և հարստացնեն Հայաստանը:

Այնպես որ սիրելի գործարարներ, ողջունում եմ ձեզ Հայաստանի Հանրապետությունում, ողջունում եմ ձեզ Գեղարքունիքի մարզում: Եկե’ք Հայաստան, եկե’ք Գեղարքունիքի մարզ, դրսևորե’ք ձեր ստեղծարար, գործարար տաղանդը, հարստացե’ք և հարստացրե’ք»: 

Այնուհետև ցուցադրվել է «Գեղարքունիքի մարզի տնտեսական հնարավորությունները և զարգացման տեսլականը» ֆիլմը, որին հաջորդել է «Ներդրումային միջավայրը Հայաստանում» խորագրով պանելային քննարկում՝ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի, Գեղարքունիքի մարզից ընտրված ԱԺ պատգամավոր Վարազդատ Կարապետյանի, ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արտակ Քամալյանի, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանի, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանի  մասնակցությամբ: Քննարկվել են գյուղատնտեսության, զբոսաշրջության, վերականգնվող էներգետիկայի արտադրության, ինչպես նաև այլ ճյուղերի զարգացման հեռանկարները:

Ներկայացվել են Գեղարքունիքի մարզում հաջող իրականացված և ընթացիկ ծրագրերը, ինչպես նաև ներդրումային նոր ծրագրերի գաղափարները: 

Համաժողովի շրջանակում բացվել է նաև տեղական արտադրանքի EXPO ցուցահանդես։ Կառավարության ղեկավարը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել ներկայացված արտադրանքին:

Հայաստանի Հանրապետության մարզերում ներդրումային-գործարար համաժողովները և տեղական արտադրանքի ցուցահանդեսները կազմակերպվում են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության և ՀՀ մարզպետարանների համատեղ նախաձեռնությամբ: Դրանց նպատակն է՝ մարզերի տնտեսության և համայնքների զարգացման գործընթացներում ներգրավել Հայաստանում և արտերկրում ձեռնարկատիրությամբ զբաղվող գործարարների: Գեղարքունիքի մարզում անցկացվող համաժողովն այս տարվա 4-րդ մարզային ֆորումն է: Ընթացիկ տարում հանրապետության մյուս մարզերում կազմակերպվելու է մարզերի տնտեսության և համայնքների զարգացմանը նվիրված ևս 6 համաժողով։–0–


Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:05
08 Օգոստոսի 2020
Սևանի ափամերձ տարածքներում 3.800 ապօրինի շենք-շինություն կա․ բոլորը ենթակա ապամոնտաժման և քանդման (ՖՈՏՈ)
«Սևան» ազգային պարկի տարածքում՝ Սևանա լճի ափամերձ գոտում կա ապօրինի հողազավթումների և ինքնակամ կառուցապատումների զուգակցությամբ շուրջ 130 տնտեսվարման դրվագ․ ՖՈՏՈ
19:08
08 Օգոստոսի 2020
Կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ նաև կարկուտ․ առաջիկա օրերի եղանակը Հայաստանում
Ներկայացնում ենք առաջիկա 5 օրերի եղանակի տեսությունը
16:04
08 Օգոստոսի 2020
Թորոսյանը կնշանակի նոր միավորված բուժկենտրոնի տնօրենին, իսկ ինչու՞ հեռացավ «Նորք» ինֆեկցիոնի տնօրենը. ԱՆ–ն մեկնաբանում է
Թորոսյանը կնշանակի նոր միավորված բուժկենտրոնի տնօրենին, իսկ ինչու՞ հեռացավ «Նորք» ինֆեկցիոնի տնօրենը. ԱՆ–ն մեկնաբանում է
12:00
08 Օգոստոսի 2020
Armenia Airways–ը սկսում է Երևան–Թեհրան–Երևան չվերթերը
Armenia Airways–ը սկսում է Երևան–Թեհրան–Երևան չվերթերը
11:00
08 Օգոստոսի 2020
200 դեպք` 1 օրում. Հայաստանում COVID-19–ի դեպքերը հասան 40185–ի, մահացել է 8 մարդ
200 դեպք` 1 օրում. Հայաստանում COVID-19–ի դեպքերը հասան 40185–ի, մահացել է 8 մարդ
09:00
08 Օգոստոսի 2020
Եղբոր կողմից քրոջ դաժան սպանության հանգամանքները, Բեյրութի հզոր պայթյունը, Սերժ Սարգսյանի անկեղծ զրույցը. ամփոփում ենք նախորդ շաբաթվա լրահոսը
Եղբոր կողմից քրոջ դաժան սպանության հանգամանքները, Բեյրութի հզոր պայթյունը, Սերժ Սարգսյանի անկեղծ զրույցը. ամփոփում ենք նախորդ շաբաթվա լրահոսը
22:07
07 Օգոստոսի 2020
Հրապարակվել են Ռոբերտ Նազարյանին և ՀԾԿՀ երեք նախկին անդամներին առաջադրված մեղադրանքի մանրամասները
Հրապարակվել են Ռոբերտ Նազարյանին և ՀԾԿՀ երեք նախկին անդամներին առաջադրված մեղադրանքի մանրամասները
21:57
07 Օգոստոսի 2020
Կասեցվել է Ծաղկաձորի 10 հյուրանոցի և Էրեբունու թաղապետարանի աշխատանքը
Կասեցվել է Ծաղկաձորի 10 հյուրանոցի և Էրեբունու թաղապետարանի աշխատանքը
21:38
07 Օգոստոսի 2020
Ինչպե՞ս են ՌԴ–ում առգրավում հայկական համարանիշերով մեքենաները. Մարուքյանը տեսանյութ է հրապարակել ու խոսել փոխվարչապետի հետ (ՎԻԴԵՈ)
Ինչպե՞ս են ՌԴ–ում առգրավում հայկական համարանիշերով մեքենաները. Մարուքյանը տեսանյութ է հրապարակել ու խոսել փոխվարչապետի հետ. ՎԻԴԵՈ
20:52
07 Օգոստոսի 2020
Չինաստանը կներդնի 10–15մլրդ դոլար Հայաստանում «Խելացի գիտական քաղաք» կառուցելու համար
Չինաստանը կներդնի 10–15մլրդ դոլար  Հայաստանում «Խելացի գիտական քաղաք» կառուցելու համար
20:14
07 Օգոստոսի 2020
36 ժամ ջուր չի լինի Երևանի, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում
36 ժամ ջուր չի լինի Երևանի,  Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում
19:40
07 Օգոստոսի 2020
Հայտնի են 1148 բուժաշխատողների շրջանում անցկացված COVID-19 հակամարմինների հետազոտության արդյունքները (ՖՈՏՈ)
Հայտնի են  1148 բուժաշխատողների շրջանում անցկացված COVID-19 հակամարմինների հետազոտության արդյունքները. ՖՈՏՈ