ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Հունիսի 12-ին, ժամը 23.16-ին, ոստիկանություն է զանգել Ծարավ Աղբյուրի փողոցի սուպերմարկետի տարադրամի փոխանակման կետի աշխատակիցը և հայտնել, որ փոխանակման կետից գումար են հափշտակել, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ ժամը 22.50-ին անհայտ անձը նռնականման իրի սպառնալիքով տարադրամի փոխանակման կետից հափշտակել է գումար և դիմել փախուստի:
«Ոստիկանության ՔՈԳՎ, Երևան քաղաքի վարչության ՔՀԲ, Նոր Նորքի բաժնի, Ավանի բաժանմունքի և ԵՔՎ հատուկ նշանակության 3-րդ գումարտակի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հունիսի 14-ին, ժամը 21.30-ին, ավազակային հարձակումը կատարելու կասկածանքով, Վաղարշյան փողոցում հայտնաբերվել և Նոր Նորքի բաժին բերման է ենթարկվել Ավան թաղամասի բնակիչ, 27-ամյա մի երիտասարդ: Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին և ձերբակալվել», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Քննչական կոմիտեն, նախնական տվյալներով՝ 2022թ. հունիսի 12-ին՝ ժամը 22:50-ի սահմաններում, դիմակավորված անձը, նռնակով զինված, առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու դիտավորությամբ, մուտք է գործել առևտրի կենտրոնում գործող տարադրամի փոխանակման կետ, քաշել նռնակի օղակը և աշխատակցի կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով հափշտակել է տարադրամի փոխանակման կետում առկա, նախնական տվյալներով, 4.400.000 ՀՀ դրամ կանխիկ գումարը և դիմել փախուստի:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (Ավազակությունը) և 235-րդ հոդվածի 1-ին մասի (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով:–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում