ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստից հետո կազմակերպված ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ մենք պարզապես չունենք այլըտրանք, և առաջիկայում պետք է գնանք հակահամաճարակային կանոնների խստացման։
Загружается новость ... "Лево"
«Կորոնավիրուսի համաճարակի իմաստով ցավոք սրտի նոր հակառեկորդներ ենք սահմանում, և այսօր Հայաստանի Հանրապետությունը, ցավոք սրտի, 1մլն բնակչին ընկնող վարակվածների թվով և ամենօրյա նոր վարակների թվով առաջատար տեղ է զբաղեցնում աշխարհում։ Սա մեծ պրոբլեմ է բոլորիս համար։ Բայց կա շատ ավելի կարևոր պրոբլեմ։ Հիմա այս պայմաններում մեր երկրում պետք է լիներ մի իրավիճակ, երբ մեր երկրի 3 մլն բնակչությունն ամենօրյա ռեժիմով պայքարում է համավարակի դեմ, բայց մենք այդպիսի իրավիճակ չունենք։ Շարունակվում է ապատեղեկատվությունը կորոնավիրուսի վերաբերյալ, շատ դեպքերում կյանքը շարունակվում է ընթանալ իր բնականոն հունով, ինչին մենք դեմ չենք, բայց կարծում ենք, որ կյանքը բնականոն հունով պետք է ընթանա, սակայն հակահամաճարակային կանոնների խստիվ պահպանմամբ», – ասաց ՀՀ վարչապետը։
Նա նաև նշեց, որ քանի դեռ այս թվերի փոփոխություն չունենք, պետք է գնանք խստացման կանոններով, և այդ խստացման փաթեթը կարող է գնալ տարբեր ուղղություններով։
«Մեր մոտ հակահամաճարակային կանոնների խախտման դեպքերն առավել ցայտուն արտահայտություններ են ստանում, ունենք արդեն քրեական գործ, երբ դրական ախտորոշմամբ քաղաքացին որոշել է տաքսի վարելով զբաղվել։ Մենք այսօր արձանագրել ենք, երբ վարչական ընթացակարգերով մոտենում է այն ժամկետը, երբ դիմակ կրելու կանոնները խախտելու համար տուգանքները պետք է սկսեն բռնագանձվել։ Մենք քննարկում ենք նաև օրենսդրական այնպիսի փոփոխություններ, որոնցով տուգանքի նշանակումից մինչև գանձելու պահը առավել կարճ ժամանակահատված կտևի։ Մենք այս միջոցներին գնում ենք ոչ թե քաղաքացիներին տուգանելու համար, մենք պարզապես ուզում ենք ասել, որ մեզնից յուրաքանչյուրն ունի չտուգանվելու երաշխիք, և այդ երաշխիքը հակահամաճարակային կանոնների պահպանումն է», – ասաց Փաշինյանը` կրկին ընդգծելով, որ Հայաստանը համաշխարհային մակարդակով սահմանում է հակառեկորդներ։
Հայաստանում հունիսի 26-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 23247 դեպք, որոնցից 12149-ն` առողջացած, 410-ը` մահվան ելքով։–0–