Պարեկային ծառայության պետը շնորհակալագիր է հանձնել Արշակունյաց պողոտայում վթարային իրավիճակը կանխած վարորդին (ՎԻԴԵՈ)

17.02.2025, 15:50
Տեսանյութում երևում է, թե ինչպես է վարորդը դուրս գալիս մեքենայից և երթևեկելի գոտուց դուրս բերում պոկված բեռնատարի անիվը․ ՎԻԴԵՈ
Պարեկային ծառայության պետը շնորհակալագիր է հանձնել Արշակունյաց պողոտայում վթարային իրավիճակը կանխած վարորդին (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ Արթուր Խուդինյանը փետրվարի 17-ին հանդիպել է մայրաքաղաքի Արշակունյաց պողոտայում վթարային իրավիճակը կանխած վարորդ Ազբեկ Ներսիսյանին, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։

Արթուր Խուդինյանը շնորհակալագիր է հանձնել նրան՝ անձնական նախաձեռնությամբ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ուղղությամբ ցուցաբերած բարեխիղճ վերաբերմունքի համար։

ՆԳ նախարարությունը կարևորում է երթևեկության անվտանգության ապահովման ուղղությամբ յուրաքանչյուր քաղաքացու սրտացավ, պատասխանատու վերաբերմունքը։

Հիշեցնենք, որ փետրվարի 7-ին տեսանյութ էր տարածվել, թե ինչպես է Արշակունյաց պողոտա-Գարեգին Նժդեհի փողոց խաչմերուկում վարորդը մեքենայից դուրս գալիս և երթևեկելի գոտուց դուրս բերում պոկված բեռնատարի անիվը։