ՊԵԿ նախագահն անդրադարձել է «Զվարթնոց» օդանավակայանում Բրազիլիայի քաղաքացու մահվան դեպքին

15.08.2024, 14:16
Բադասյանը նշել է, որ տեսախցիկներով ամեն ինչ ֆիքսված է
ՊԵԿ նախագահն անդրադարձել է «Զվարթնոց» օդանավակայանում Բրազիլիայի քաղաքացու մահվան դեպքին

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է օրերս «Զվարթնոց» օդանավակայանում քաղաքացու մահվան դեպքին: 

«Եղել է հետևյալը՝ անձը, հավանաբար, շատ մեծ հավանականությամբ տեղափոխել է թմրանյութ: Մեր ռիսկերի համակարգը թիրախավորել է, որ նա անպայման ենթակա է զննության: Զննության ընթացքում շշերը դուրս են բերվել, քաղաքացին, ենթադրաբար, կասկածները ցրելու համար որոշել է, որ կարող է նաև ապացուցել խմելու տեսքով: Իհարկե, դա նորմալ ընթացակարգ չէ, եթե որևէ մեկը ոչ պրոֆեսիոնալ է կատարել իր պաշտոնեական պարտականությունները, պետք է պատասխաատվության ենթարկվի», – ասաց Բադասյանը։ 

Նա նաև նշեց, որ տեսախցիկներով ամեն ինչ ֆիքսված կա, ընթանում է քննություն։

«Կա քրեական վարույթ։ Քննչական կոմիտեն բոլոր հանգամանքները կպարզի», – ասաց Բադասյանը։ 

Հիշեցնենք, որ օրերս լրատվամիջոցները հայտնել էին, որ «Զվարթնոց» օդանավակայանում Բրազիլիայից Հայաստան ժամանած մի ուղևորի ձեռքին ՊԵԿ մաքսային ծառայության աշխատակիցները շիշ են նկատել, հետաքրքրվել են՝ ինչ է մեջը, բրազիլացին պատասխանել է՝ գինի։ Մաքսային աշխատակիցները ստիպել են բրազիլացուն խմել այն, խմելուց հետո նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, և նա րոպեներ անց մահացել է։ Ավելի ուշ Քննչական կոմիտեից հայտնեցին, որ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (Սպանություն) առաջին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն՝ մահվան պատճառները և տվյալ հեղուկի հետ կապը, մահվան հանգամանքը տվյալ հեղուկն օգտագործել/չօգտագործելու հանգամանքը պարզելու նպատակով։  ՊԵԿ–ից «Նովոստի–Արմենիա»–ին հայտնեցին, որ ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկատվությունը, թե իբր ՊԵԿ աշխատակիցները ստիպել են խմել քաղաքացու ձեռքին եղած շշի պարունակությունը չի համապատասխանում իրականությանը: Գործի քննությունը գտնվում է ՀՀ քննչական կոմիտեում, դեպքի վերաբերյալ այլ մանրամասներ ՊԵԿ-ն իրավասու չէ տրամադրել։