ՊԵԿ աշխատակիցը ապօրինի գործունեությունը չդադարեցնելու համար ամսական 20,000-100,000-ական դրամ կաշառք է ստացել (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է ՀՀ ՊԵԿ աշխատակից։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության Շիրակի մարզային վարչության ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական համալիր և արդյունավետ միջոցառումներ իարդյունքում ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ Ն. Պ.-ն, զբաղեցնելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության Շիրակի բաժնի գլխավոր օպերլիազորի պաշտոնը, մշտապես իրականացնելով իշխանության ներկայացուցչի լիազորություններ և հանդիսանալով պաշտոնատար անձ, «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն՝ պարտավոր լինելով իրականացնելհարկ վճարողների նկատմամբ օրենքով սահմանված կարգով հսկողություն, հարկային օրենսդրության, հարկային հարաբերությունները կարգավորող մյուս իրավական ակտերի` հարկային պարտավորությունների գծով պահանջների խախտման համար կիրառելօրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ, 2019-2020 թվականների ընթացքում հայտնաբերել է Շիրակի մարզի վարչական տարածքում ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող անձանց, սակայնչի կատարել իր պաշտոնեական պարտականությունները, միջոցներ չի ձեռնարկել հայտնաբերված խախտումները վերացնելու և ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող սուբյեկտների նկատմամբ օրենքով սահմանված կարգով պատասխանատվության միջոցներ կիրառելու ուղղությամբ, փոխարենը՝ ակնհայտ ապօրինի անգործության, այն է՝ վերոհիշյալ փաստերը չարձանագրելու, այնուհետև չտուգանելու և ապօրինի ձեռնարկատիրական գործունեությունը չդադարեցնելու համար վերոհիշյալ քաղաքացիներից, յուրաքանչյուր ամիս պահանջել է 20,000-100,000-ական ՀՀ դրամ կաշառք:
Վերոգրյալից բացի, Ն.Պ.-ն, իր սպասարկած տարածքում հանքարդյունաբերությամբ զբաղվող մի շարք ընկերությունների խախտումները չարձանագրելու,օրենքով սահմանված կարգով պատասխանատվության միջոցներ չկիրառելու, տնտեսվարողների գործունեությանը չխոչընդոտելու, ինչպես նաև հնարավոր ստուգումների մասին տնտեսվարողներին նախապես տեղյակ պահելու և նրանց կատարած խախտումները քողարկելու ուղղությամբ խորհուրդներ տալու համար պահանջել և մինչև 2020 թվականի հունիսի 26-ը մի շարք տնտեսվարողներից յուրաքանչյուր ամիս որպես կաշառք ստացել է 100,000-ական ՀՀ դրամ գումարներ:
2020 թվականի հունիսի 26-ին, հերթական անգամ, պահանջած կաշառքի գումարը՝ 100,000 ՀՀ դրամը ստանալու պահին, Ն.Պ.-ն հայտնաբերվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից և խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով բերման ենթարկվել ՀՀ ԱԱԾ, որի ընթացքում վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է կաշառքի առարկան:
«Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի, ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 2-րդ մասի, ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասի (6 դրվագ) և ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասի (5 դրվագ) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա Ն. Պ.-ն ձերբակալվել է»,- ասվում է հաղորդագրության մեջ։
2020թ.հունիսի 28-ին, պաշտոնատար անձին կաշառք տալու, ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու կասկածանքով 8 անձ ներգրավվել է որպես կասկածյալ, որոնցից 2-ը ձերբակալվել են, իսկ 6 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու արդյունքում պետությանը պատճառված վնասի իրական չափը ճշտելու, Ն.Պ.-ի կողմից կատարված այլ հանցավոր դրսևորումները բացահայտելու, կոռուպցիոն մեխանիզմում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց արարքին համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:
Ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է տնտեսվարող սուբյեկտներին իրենց գործունեությունը ծավալել բացառապես օրինական դաշտում և զերծ մնալ կոռուպցիոն դրսևորումներից:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:-0-

