Հովիկ Աղազարյանի վերաբերյալ քրեական գործ է հարուցվել

16.12.2024, 17:40
Քրեական գործը հարուցվել է Հակակոռուպցիոն կոմիտեում
Հովիկ Աղազարյանի վերաբերյալ քրեական գործ է հարուցվել

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Հակակոռուպցիոն կոմիտեում պատգամավոր Հովիկ Աղազարյանի վերաբերյալ քրեական գործ է հարուցվել, Նովոստի-Արմենիա գործունեությաը հայտնեց ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյան:

«Քրեական վարույթ է նախաձեռնվել ենթադրյալ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքի առթիվ: Վարույթը նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասով»,- փոխանցել են կոմիտեից: 

Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ Հովիկ Աղազարյանի կողմից պետական գաղտնիք պարունակող արտահոսքեր կազմակերպելու վերաբերյալ հրապարակումն ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե՝ վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու համար:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 3–ին ՔՊ վարչության նիստի ժամանակ որոշում է կայացվել պատգամավոր Հովիկ Աղազարյանին հեռացնել ՔՊ–ից պետական և կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքերի, ինչպես նաև հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումների պատճառով։ Ավելի ուշ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտնել է, որ Աղազարյանը տարբեր դրվագներով նման բնույթի տեղեկատվության և կուսակցական, քաղաքական ներքին տեղեկատվությունների արտահոսքեր է կազմակերպել: Դրանք պարզվել են և դարձել հեռացման հիմքերից մեկը։

Ավելի ուշ Աղազարյանը հայտարարել է, որ իր հեռախոսը 10 օրից ավել գտնվել է քննիչների մոտ։ Հեռախոսը բացել են և հեռախոսի շատ նյութեր հայտնվել են վարչապետի մոտ։

Աղազարյան VS Քյարամյան

Հոկտեմբերի կեսերին խորհրդարանում բյուջեի լսումների ժամանակ Աղազարյանը վիճել է Քննչական կոմիտեի նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանի հետ։ Աղազարյանը Քյարամյանին կասկածում էր գործարարների վրա ճնշումներ գործադրելու և Քննչական կոմիտեի լիազորությունները չարաշահելու մեջ, իսկ Քյարամյանը հակադարձեց, որ Աղազարյանի որդու համար(ով, ըստ մամուլի հրապարակումների, զբաղվում է մեքենաների ներկրմամբ և վաճառքով, խմբ.) «երկու անգամ խնդրել են» և սրա մեջ կոռուպցիոն տարր կա։

Դրանից հետո մամուլում պարբերաբար տեղեկություններ էին հայտնվում այն մասին, որ Աղազարյանը պատրաստվում է վայր դնել մանդատը։

Քրեական գործ

Աղազարյանի և Քյարամյանի միջև ծագած վիճաբանությունից հետո Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ քրեական օրենսգրքի 486 հոդվածի առաջին մասով (երկու դրվագ)։ Այս հոդվածը վերաբերում է արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելուն։

Նոյեմբերի 18-ին հայտնի դարձավ, որ Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը հրաժարական է տվել։