Օտարերկրյա քաղաքացիները կկարողանան անվճար փաստաբանական ծառայություններ ստանալ ՀՀ–ում (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ կառավարությունը «Փաստաբանական գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու արդյունքում առաջարկում է անվճար փաստաբանական ծառայություններ տրամադրել օտարերկրյա քաղաքացիներին: Այդ մասին հինգշաբթի կառավարության նիստին հայտնեց արդարադատության փոխնախարար Արտակ Ասատրյանը:
«Օրինագծով նախատեսվում է անվճար փաստաբանական ծառայություններ տրամադրել այն քաղաքացին, ովքեր կդիմեն ժամանակավոր ապաստան ստանալու համար», - ասաց նա:
Միաժամանակ, առաջարկվում է օրենքով ապահովել անվճար իրավաբանական ծառայությունների մատուցում առողջական խնդիրների պատճառով քաղաքացիների գործունեությունը սահմանափակ լինելու դեպքում:
«Լրացումները նախատեսում են նաև հանրային պաշտպանի որոշ գործառույթների ընդլայնում», - նշեց Ասատրյանը:-0-