Նվեր Ծառուկյանը չի թաքնվում քննությունից, նա, որպես ընկերության հիմնադիր, գործուղվել է, ներկա պահին նրա գործուղումը շարունակվում է․ փաստաբան

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Լրատվամիջոցներում տեղեկատվություն է տարածվել այն մասին, թե իբրև Նվեր Ծառուկյանը թաքնվում է քննությունից, որի կապակցությամբ հայտարարվել է միջազգային հետախուզում, հայտնում է փաստաբան Էմին Խաչատրյանը։
«Տեղեկացնում ենք, որ Նվեր Ծառուկյանը երբեք չի թաքնվել և ներկայումս ևս չի թաքնվում քննությունից, այլ դեռևս 2024թվականի հոկտեմբերի 24-ի համապատասխան արձանագրությամբ, որը կայացվել է մինչև ենթադրյալ դեպքը տեղի ունենալը, իսկ այնուհետև հոկտեմբերի 28–ին` մինչ քրեական վարույթ նախաձեռնելը նա որպես ընկերության հիմնադիր գործուղվել է ՀՀ-ից, ներկա պահին նրա գործուղումը շարունակվում է և ավարտվելուց հետո՝ 5-10 օրվա ընթացքում Նվեր Ծառուկյանը կվերադառնա Հայաստանի Հանրապետություն` քննությանն անձամբ մասնակցելու նպատակով», – նշել է Խաչատրյանը Facebook–յան իր էջում։
Նվեր Ծառուկյանի գործուղման վերաբերյալ փաստաթղթերը ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։
«Տեղեկացնում ենք նաև, որ քրեական գործով հետաքրքրություն ներկայացնող բոլոր անձինք ներկայացել են վարույթն իրականացնող մարմին և դեպքի հանգամանքների վերաբերյալ տվել մանրամասն ցուցմունքներ», – նշել է Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ հունվարի 24–ին դատախազությունը հայտնել է, որ դատախազը 2025 թվականի հունվարի 23-ին Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է հանձնել Ծաղկաձոր քաղաքում գործող խաղատանը 2024 թվականի հոկտեմբերի 26-ին զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության և բացահայտ հափշտակության մասնակիցներ՝ Ն.Ծ.-ի անվտանգության աշխատակիցներ Մ.Ս.-ի, Գ.Դ.-ի և Դ.Մ.-ի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը։ Դատախազը Ն.Ծ.-ի անվտանգության աշխատակիցների նկատմամբ 2025 թվականի հունվարի 13-ին հարուցել է հանրային քրեական հետապնդումներ՝ Քրեական օրենսգրքի 253-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ի և 2-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ գույքի պահպանման համար նախատեսված միջոցը վնասելով կողոպուտ կատարելը), ինչպես նաև 474-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հանցանք կատարող անձին աջակցելը):
Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում դատախազը 2024 թվականի նոյեմբերի 2-ին հանրային քրեական հետապնդում էր հարուցել Ն.Ծ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 46-253-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ գույքի պահպանման համար նախատեսված միջոցը վնասելով կողոպուտ կատարելու դրդչություն), 297-րդ հոդվածի 3-րդ մասով (զենքի գործադրմամբ կատարված խուլիգանություն) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն պահելը, կրելը): Ն.Ծ.-ի նկատմամբ դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց է ընտրված կալանքը, նրա նկատմամբ հայտարարված է միջազգային հետախուզում:
Նշենք, որ Գլխավոր դատախազության մամուլի քարտուղար Արևիկ Խաչատրյանը «Նովոստի–Արմենիա»–ին հաստատեց, որ խոսքը Նվեր Ծառուկյանի մասին է, ով նախկին պատգամավոր, գործարար Գագիկ Ծառուկյանի որդին է։
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: