Նոյեմբերյանում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել ցուցարարներին․ ականատեսները հայտնում են, որ այն պատկանում է «Երկրապահին»

23.04.2024, 14:40
Նոյեմբերյանում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել ցուցարարներին․ ականատեսները հայտնում են, որ այն պատկանում է «Երկրապահին»
Նոյեմբերյանում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել ցուցարարներին․ ականատեսները հայտնում են, որ այն պատկանում է «Երկրապահին»
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Նոյեմբերյանում ավտոմեքենան, որը, ըստ ականատեսների, պատկանել է «Երկրապահ» կամավորական միությանը, վրաերթի է ենթարկել Վրաստանի սահման տանող միջպետական ավտոճանապարհը փակող մարդկանց։

Կան տուժածներ։ Վնասվել է քաղաքացիներից մեկի գլուխը։ Առանց այդ էլ լարված իրավիճակն ավելի շատ է թեժացել է։ Միջադեպը տեղի է ունեցել ոստիկանների ներկայությամբ։

Ապրիլի 20–ից Տավուշում ընթանում են բողոքի ակցիաներ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման մեկնարկի դեմ։ Ցուցարարները պարբերաբար փակում են միջպետական մայրուղին։

Հայաստանի–Ադրբեջան պետական սահմանի սահմանազատման մեկնարկի մասին

Ապրիլի 19–ին Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ութերորդ հանդիպման ընթացքում կողմերը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները, անմիջականորեն Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) – Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) – Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ) – Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև՝ Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով:

Որոշվել է, որ սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը կձևակերպվի համապատասխան Արձանագրություն-նկարագրությամբ, ինչը պետք է համաձայնեցվի ու ստորագրվի Կողմերի միջև մինչև 2024 թ. մայիսի 15-ը:

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով: Կողմերը պայմանավորվել են նաև տվյալ հիմնարար սկզբունքն ամրագրել Կանոնակարգի նախագծում:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ավարտին հասցնել կանոնակարգի նախագծի համաձայնեցման շուրջ աշխատանքները մինչև 2024թ. հուլիսի 1-ը։
Նշվում է նաև, որ կողմերը կդիմեն իրենց Կառավարություններին՝ սահմանագծի համաձայնեցված հատվածներում իրենց սահմանապահ ծառայությունների միաժամանակյա և զուգահեռ տեղակայման համար միջոցներ ձեռնարկելու նպատակով:

Պայմանավորվել են, Կողմերի կողմից Կանոնակարգի հաստատումից հետո, համաձայնեցնել հերթականությունը և շարունակել սահմանի բոլոր մնացած հատվածների սահմանազատման գործընթացը՝ ներառյալ անկլավների և էքսկլավների հետ կապված հարցերով: