Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (հոկտեմբերի 21–25)
10:30
26 Հոկտեմբերի 2019
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (հոկտեմբերի 21–25)։
ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը, դատարանի որոշմամբ, երկու ամսով կալանավորվեց։ Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա Արսեն Բաբայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-300-րդ հոդվածի 1-ին մասով (Հանցակից լինել իշխանության յուրացման մեջ) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական կեղծիքը) նախատեսված այն հանցավոր արարքների կատարման համար, որ նա, 2018 թվականին հանդիսանալով ՀՀ ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար, օժանդակել է մի խումբ պաշտոնատար անձանց կողմից ՀՀ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալուն, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք։ Ըստ մեղադրանքի՝ Բաբայանը խեղաթյուրել է Գագիկ Հարությունյանի դիմումն իրականում 2018 թվականի մարտի 5-ին ԱԺ մուտք լինելու հանգամանքը, մուտքագրման ամսաթիվը նշելով 2018 թվականի մարտի 2-ը։ Այս եղանակով Արսեն Բաբայանը պայմաններ՝ կեղծ հիմքեր է ստեղծել Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու նպատակով ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի՝ 2018 թվականի մարտի 2-ին ստորագրած ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմում ներկայացնելու մասին հայտարարությունը հրապարակելու համար, որն էլ իր հերթին հիմք է հանդիսացել վերջինիս լիազորությունները դադարեցնելու, իսկ հետագայում` այդ թափուր պաշտոնում Հրայր Թովմասյանին առաջադրելու ու նշանակելու գործընթացի համար:
Հոկտեմբերի 22–ին առաջին անգամ Հայաստանում` «Արաբկիր» ԲԿ-ում, բելառուս գործընկերների հետ կատարվել է լյարդի փոխպատվաստում երեխային կենդանի դոնորից։
ԱԺ–ում ահաբեկչություն կազմակերպած Նաիրի Հունանյանը դիմել է վաղաժամ ազատ արձակման խնդրանքով։
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը մեկնաբանել է զենքի տենդերի տապալման պատճառով Հայաստանին բողոքի նոտա հղելու Ռուսաստանի մտադրության մասին տեղեկությունները։ Ավելի վաղ ՌԻԱ Նովոստիին, հղում անելով ինչ–որ փաստաթղթերի, տեղեկացրել է, որ Ռուսաստանը Հայաստանին բողոքի նոտա կհղի զենքի վաճառքի տենդերի տապալման պատճառով, որին մասնակցել է ORSIS ռուսական ընկերությունը (որը ներառված է «Պրոմտեխնոլոգիաներ» խմբում) և կխնդրի ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին կարգավորել իրավիճակը։
Հոկտեմբերի 25–ին հրդեհ է բռնկվել Վանաձոր քաղաքի հյուսիսային հատվածում՝ Բազումի լեռնաշղթայում։ Հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելիս 2 հրշեջ-փրկարարներ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Հրշեջ-փրկարար Սամվել Վարդանի Դևելյանը (ծնված 1997 թ.) տեղում մահացել է, իսկ Էդգար Իշխանի Գրիգորյանը (ծնված 1992 թ.) ուղղաթիռով ծանր վիճակում տեղափոխվել է Երևան։–0–
Փաշինյանն անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակի կողմից կամա թե ակամա արվող գործողություններին ու քայլերին, որոնք սպառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար