ՆԳՆ–ն հերքում է․ Արարատ լեռան պատկերով ստորագրություն ունեցող քաղաքացին չի սպասարկվել Նոր Նորքի անձնագրային բաժնում

06.02.2025, 22:26
Պարզաբանում՝ Արարատ լեռան պատկերով ստորագրություն ունեցող քաղաքացու հետ կապված միջադեպի կապակցությամբ
ՆԳՆ–ն հերքում է․ Արարատ լեռան պատկերով ստորագրություն ունեցող քաղաքացին չի սպասարկվել Նոր Նորքի անձնագրային բաժնում

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ ԶԼՄ-ներից մեկում տարածվել է հետևյալ վերտառությամբ նյութ՝ «ՀՀ քաղաքացի Երևանի Նոր Նորք վարչական շրջանի բնակչի սոցիալական քարտը Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Նոր Նորքի բաժնում մերժել են տրամադրել նախադեպը չունեցող պատճառաբանությամբ՝ անձնագրում քաղաքացու ստորագրության վրա եղել է Արարատ լեռը»։ 

Նշվածի առնչությամբ ՀՀ ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ քաղաքացու հայտնածը չի համապատասխանում իրականությանը։ 

«Հրապարակմամբ նշված անուն-ազգանունով քաղաքացի չի սպասարկվել տվյալ ստորաբաժանումում: Նկատենք նաև, որ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալ ստորաբաժանման 8-րդ պատուհանը, որին ըստ քաղաքացու մոտեցել է, սպասարկում է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց, այսինքն՝ նշված պատուհանին մոտենալիս քաղաքացին չէր էլ կարող սպասարկվել», – նշվում է գերատեսչության հաղորդագրությանմեջ։ 

ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության ծառայողների կողմից անմիջապես կապ է հաստատվել քաղաքացու հետ, որի ընթացքում քաղաքացին տվել է իրարամերժ տեղեկություններ՝ չնշելով տվյալ ստորաբաժանում այցելելու կոնկրետ օր ու ժամ։ 

«Կոչ ենք անում զերծ մնալ իրականության հետ աղերս չունեցող տեղեկություններ հրապարակելուց, ինչպես նաև անհիմն չթիրախավորել ծառայության աշխատակիցներին», – նշվում է ՆԳՆ հաղորդագրության մեջ։