ՆԳՆ-ն հերքել է պարեկների կողմից մեքենայի կայանման համար քաղաքացուն ծեծի ենթարկելու մասին լուրերը

02.08.2024, 15:21
ՆԳՆ–ն պարզաբանում է հրապարակել պարեկային ծառայողների կողմից երիտասարդին դաժան ծեծի ենթարկելու մասին լուրերի կապակցությամբ
ՆԳՆ-ն հերքել է պարեկների կողմից մեքենայի կայանման համար քաղաքացուն ծեծի ենթարկելու մասին լուրերը

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/. ՀՀ Ներքին գործերի նախարարությունը պարզաբանում է հրապարակել պարեկային ծառայողների կողմից երիտասարդին դաժան ծեծի ենթարկելու մասին լուրերի կապակցությամբ։

«Օգոստոսի 1-ին «Ֆեյսբուք» սոցհարթակում օգտատերերից մեկը հրապարակել էր «Ավտոմեքենան իբրև թե արգելված վայրում կայանելու պատրվակով մոտ 10 պարեկային ծառայողներ դաժանաբար ծեծի են ենթարկել եղբորս և տարբեր կոտրվածքներով տեղափոխել ոստիկանության բաժանմունք» վերտառությամբ տեսանյութ, որում նշում էր նաև, թե իբր եղբայրն ունի «ձեռքի, թաթի մատների կոտրվածքներ»։Հրապարակումից հետո սոցցանցում որոշ օգտատերեր նշում էին նաև, թե «բռնությունը զուգորդվել է բազմաթիվ հայհոյանքներով ոչ միայն նշված տղամարդու հասցեին, այլ նաև բոլոր արցախցիների նկատմամբ», – նշվում է ՆԳՆ հաղորդագրության մեջ։ 

Գերատեսչությունից նաև ընդգծում են, որ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում նշանակված ծառայողական քննությամբ ուսումնասիրվել են ինչպես պարեկներին ամրակցված, այնպես էլ հարակից տարածքներում տեղադրված տեսահսկող սարքերի տեսագրությունները։ 

«Պարզվել է, որ հիմնավոր կասկածանքով ձերբակալման և ոստիկանության Արաբկիրի բաժին տեղափոխելու ընթացքում նշված անձը ծեծի չի ենթարկվել, նա չունի որևէ կոտրվածք, ոչ նրա, ոչ ԼՂ բնակչության հասեցին չի հնչել վիրավորական որևէ արտահայտություն, ձերբակալումն էլ կատարել են ոչ թե պարեկային 10 ծառայողներ, ինչպես նշված է հրապարակման մեջ, այլ մեկ կարգախումբ՝ երկու պարեկով։ Ձերբակալման ընթացքում տղամարդը հասցրել է հարվածներ և դիմադրություն ցույց տվել պարեկներին։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Որոշ օգտատերերի կողմից հրապարակված ակնհայտ սուտ և իրականության հետ աղերս չունեցող տեղեկությունները, ենթադրաբար, նպատակ ունեն թիրախավորել Պարեկային ծառայությանը, մոլորեցնել հանրությանը, ստեղծել տպավորություն, թե իբր Ոստիկանությունը առանձնահատուկ բացասական վերաբերմունք ունի ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հանդեպ», – նշել են ՆԳՆ–ից։ 

Գերատեսչությունից կոչ են անում զերծ մնալ կեղծ և մանիպուլյացիոն տեղեկություններ տարածելուց, որոնք, որոշ դեպքերում, նպատակ են հետապնդում պառակտել հասարակությանը։ 

«ՆԳՆ ոստիկանությունն իրականացնում է օրենքով իրեն վերապահված գործառույթները՝ առանց անձնավորման։ Հայաստանը իրավական երկիր է, որտեղ օրենքի առաջ հավասար են բոլորը», – ընդգծել են գերատեսչությունից։ 

Ավելի վաղ, արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ արգելված վայրում ավտոմեքենան կայանելու պատրվակով մոտ 10 պարեկային ծառայողներ դաժանաբար ծեծի են ենթարկել իր եղբորը և տարբեր կոտրվածքներով տեղափոխել ոստիկանության բաժանմունք: