ՆԳՆ–ն հայտնել է Նալբանդյան գյուղում 41–ամյա տղամարդու վնասազերծման ժամանակ զոհված ոստիկանի ինքնությունն ու հրապարակել լուսանկարը
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ ՆԳՆ–ն հրապարակել է ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված ոստիկանի լուսանկարը։
«Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ՆԳՆ ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր, ոստիկանության կապիտան Հայրապետ Ստեփանյանը։ Ցավակցում ենք մեր զոհված գործընկերոջ ընտանիքի անդամներին ու հարազատներին, կիսում կորստյան վիշտը», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
ՆԳՆ–ից նաև հայտնում են, որ հրազենային վիրավորում է ստացել նույն բաժնի համայնքային ոստիկանության տեսուչ, ոստիկանության լեյտենանտ Արթուր Այվազյանը, որը տեղափոխվել է բուժհաստատություն։
Հիշեցնենք, որ նախօրեին Նալբանդյան համայնքի բնակիչ 41–ամյա Մանուկ Մարգարյանին վնասազերծելու ժամանակ նա կրակոցներ է արձակել ոստիկանության ծառայողների ուղղությամբ։ Ոստիկանության մեկ ծառայող զոհվել է, մյուս ծառայողը տեղափոխվել է բժշկական կենտրոն։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Մարգարյանին հետախուզում են։ Սեպտեմբերի 8–ի գիշերը նա հայտնաբերվեց և ձերբակալվեց։


